Օրերս Հարավային Ամերիկայի Հայ Ազգային Խորհրդի (CNA) անդամներ Խորխե Դոլմաջյանը, Ալֆոնսո Տաբակյանն ու Էդուարդո Կոզանլյանը Բուենոս-Այրեսում հանդիպել են Արգենտինայում Իսրայելի դեսպան Դանիել Գասիտին:
CAN-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ: Առաջին հերթին, կողմերը քննարկել են Կովկասի իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցը: CNA-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանի վրա տարածաշրջանում չներկայացված երկրների կողմից ճնշումների եւ խնդրում իրականում առավել մեծ խառնաշփոթ առաջացնող քայլերի կապակցությամբ:
Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից սխալ է եղել, իսկ Անկարայի՝ նախապայմաններով միջամտությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լույսի ներքո, նպաստում է Արբեջանի ամրապնդմանը:
CNA-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Թուրքիան չեզոք երկիր չէ, այլ այդ հակամարտության մեջ Ադրբեջանի դաշնակիցը:
CNA-ի ներկայացուցիչները նաեւ մտահոգություն են հայտնել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի վերջին հայտարարությունների առնչությամբ, որն հրեական սփյուռքի աջակցությունն էր խոստանում Բաքվին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում:
Բացի այդ, Իսրայելի դեսպանի հետ զրույցում CNA-ի ներկայացուցիչներները ափսոսանք են հայտնել, որ Թել-Ավիվն ամեն կերպ խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ նշել, որ Իսրայելը, ինքը լինելով Հոլոքոստի զոհ, լուրջ աջակցություն է ցույց տալիս Թուրքիային՝ ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում:
Դանիել Գասիտը բոլոր հարցերին դիվանագիտական պատասխաններ է տվել՝ ձգտելով խուսափել միանշանակ եւ կտրուկ դատողություններից: Հանդիպման վերջում CNA-ի ներկայացուցիչները Իսրայելի դեսպանին Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք եւ գորգ են նվիրել, որի վրա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվություն է կարված եղել:




























