Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջո Քոուլը դարձել է «Լիվերպուլի» խաղացող: «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:
Ռոման Աբրամովիչի ակումբի հետ Քոուլի պայմանագիրը լրացել էր անցած մրցաշրջանի ավարտին: Դրանից հետո Ջո Քոուլն ազատ գործակալի կարգավիճակում կարող էր տեղափոխվել իր ուզած ակումբը: «Լիվերպուլի» ղեկավարությունը նաեւ հայտնել է, որ Եվրոպայի լիգայի երրորդ ընտրական փուլին չեն մասնակցի աշխարհի առաջնությունում հանդես եկած հավաքականների ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» ակումբի արգելքը հաղթահարելու դեպքում երրորդ փուլում «Միկան» կմրցի «Լիվերպուլի» հետ:
«Միկան» մակեդոնացիների հետ պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին, Երեւանում: Սկոպյեում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:0 հաշվով հօգուտ «Ռաբոտնիչկիի»:




























