Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ ինքնաբացարկ է հայտնել ինքնառաջադրված ՀՀԿ-ական՝ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը:Մեր տեղեկություններով՝ առաջիկայում այլ ինքնաբացարկի դիմումներ եւս կներկայացվեն:

Ի դեպ, ինքնաբացարակի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, 18.00: Նախընտրական քարոզչությունը անց է կացվելու փետրվարի 25-մարտի 13-ը:

Նշենք, որ մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում  առաջադրվել էր 5 թեկնածու: Բացի Արմավիրի գործող քաղաքապետ,Ռուբեն Հայրապետյանի խնամի՝ Ռուբեն Խլղաթյանից՝ ընտրություններին առաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ընտրություններին ինքնառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Այսքանով սակայն առաջադրված ՀՀԿ-ականների ցուցակը չի ավարտվում: Իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը: ՀՀԿ-ն որոշել է Արմավիրում որեւէ մեկին չսատարել, դաշտը բաց են թողնում: