«Նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարները Փարիզում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են աջակցել ԵԱՀԿ առաքելությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք համաձայնության ենք եկել տեխնիկական բնագավառների շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ առաքելության աջակցելու հարցում, թե ինչպես ուժեղացնել այդ առաքելության հնարավորությունները՝ պահպանելով իհարկե հրադադարն ու զորքերի դուրսբերումը»,- ասել է նա։

Ընդ որում Կլիմկինը նշել է, որ ցավոք, «չի կայացվել քաղաքական որոշում այն մասին, թե ինչպեսէ պետք վերաբերվել Դեբալցեւոյում կատարվածին»։

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը իր հերթին հայտարարել է, որ «Նորմանդյան քառյակի»  ԱԳՆ ղեկավարները կոչ են արել ուժեղացնել ԵԱՀԿ-ում Ուկրաինայի մանդատը։

Ավելի վաղ Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին հայտարարել էր, թե ինքը հույս ունի, որ Դեբալցեւոյում իրավիճակը չի խափանի Մինսկի համաձայնագրերի իրականացման գործընթացը։