Հայաստանի էներգետիկ ընկերությունների շահութաբերությունը չի գերազանցում 8%-ը: Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մինչեւ հարկերը պլանային եկամուտը կազմում է 10%, հարկերի վճարումից հետո այն հասնում է 8%-ի:

Այդ առնչությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկեց քննարկել ոչ թե շահութաբերությունը, այլ այն հաշվարկելու մեթոդիկան: «Հիմա դուք հաշվարկում եք հիմնական ֆոնդերից շահութաբերությունը, իսկ կարելի է այն փոխադրել ինքնարժեքության: Այդ դեպքում ընկերությունները շահագրգռված կլինեն հնարավորինս ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը»,- հայտարարեց պատգամավորը:

«Ճիշտ է, բայց այդ դեպքում ընկերությունները շահագրգռված չեն լինի նոր ներդրումներ կատարելու հարցում»,- ասաց Նազարյանը: