Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին հանդես է եկել Իտալիայի Հարավի մաֆիայի կլանների եւ հանցավոր կազմակերպությունների դեմ:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը նախօրեին արել է Հռոմի Պապը: Կասսանո-ալլո-Յոնիոյի (Կալաբրի մարզ) թեմից ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Պապը կոչ է արել դիմակայել նրանց, ովքեր «հանուն անձնական շահի եսասիրություն, բռնություն եւ անարդարություն են սերմանում»:
Ըստ ՏԱՍՍ-ի, Վատիկանի ռադիոն մեջբերում է Ֆրանցիսկոս Պապի խոսքերը. «Ըմբոստացեք մահվան մշակույթին եւ ականատես եղեք Ավետարանի կյանքին»:
Ֆրանցիսկոս Պապը զգուշացրել է «նման չար գործերում Քրիստոսին հավատացողների մասնակցության անթույլատրելիության մասին»:
Սուրբ Աթոռի պատմության մեջ առաջին անգամ Ֆրանցիսկոս պապը պատերազմ է հայտարարել մաֆիային եւ 2014 թվականի հունիսին Կալաբրի այցի ժամանակ դրա ներկայացուցիչներին հեռացրել եկեղեցուց:





























