Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցածը ծանրագույն հարված էր Ղարաբաղի պետականությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Միջադեպը կասկածի տակ դրեց միջազգային ատյաններում հայկական պատվիրակության պնդումների լեգիտիմությունը, թե ԼՂՀ-ում կա կայացած պետականություն, օրինականություն եւ ժողովրդավարություն: Այս միջադեպը արժեզրկման վտանգի տակ դրեց հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նշեց, որ երբ իրենք մեկնել էին ԼՂՀ՝ քննարկելու այս միջադեպը, իր դիրքորոշումը եղել է միանշանակ՝ սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, իսկ անփութություն ցուցաբերած ցանկացած պաշտոնյա պետք է պաշտոնանկ արվի. «Սա ոչ թե իմ կամ որեւէ մեկի քմահաճույքն է, այլ ԼՂՀ Սահմանադրության տարրական պահանջ: Սա է հետեւանքները հաղթահարելու միակ ճանապարհը։ Եթե ոչ, այն դառնալու է միջազգային հեղինակությունը քայքայող գործոն»:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:





























