Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին ասաց տուժողի իրավահաջորդ Լուսինե Ավետիսյանը՝ Ավետիսյանների դուստրը։
«Ի սկզբանե, ասել եմ, որ ուզեցել եմ, որ նրան տան մեզ։ Ուզում եմ եւ պահանջում եմ, որ իրեն տան մեր իրավապահ մարմիններին»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։
Նա բացառեց տարբերակը, որ իր ընտանիքի անդամները կարող են ճանաչել Պերմյակովին։
«Իմ ընտանիքը ոչ մեկի հետ թշնամություն չի ունեցել, նրանք ոչ մեկի ոտքը չեն տրորել։ Տնից ոչ մի զարդ չեն տարել, քրոջս ու մորս զարդերը տեղում են եղել։ Մնացածի մասին ոչինչ չգիտեմ»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։
Տուժողի իրավահաջորդ, Լուսինեի ամուսին Եգոր Ադամյանն էլ հայտնեց, որ տնից ընդամենը երեք հեռախոս է կորել. մեկը պատկանել է Արմեն Ավետիսյանի կնոջը, մյուսը՝ Հասմիկ Ավետիսյանին, իսկ երրորդ հեռախոսի վերաբերյալ ինքը ոչ մի տեղեկություն չունի։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ.-ի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):
Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:





























