«Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014 թվականին հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայությունից նշում են, որ ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս եւ մյուս` գծին հետեւող եւ հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը:
«Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի եւ ենթակառուցվածքի բացակայությունը։ Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,-նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:





























