Հայաստանի գիտակների հավաքականը ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 11-րդ առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Հայկական հավաքականը գավաթը վերցրել է «Էրուդիտ –սեկստետ» մրցաշարում, իսկ գլխավոր «Ւ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում երեւանյան «Պերեզագրուզկա» թիմը երկրորդ տեղը կիսել է ադրբեջանական թիմի հետ։ Ընդհանուր առմամբ հայկական կողմը առաջնությունում ներկայացրել է 3 թիմ Հայաստանից՝ «Հայաստան», «Սենատորներ», «Պերեզագրուզկա», 2 -ն էլ ԼՂՀ-ից՝ «Հայեր-Քաշաթաղ», «Վարանդա»։

ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերում ինտելեկտուալ խաղերի ուժեղագույն թիմերին, սակայն… «Արդեն մի քանի տարի է՝ մենք ուզում ենք գտնել տարբերակ, միջոցներ, որպեսզի մեր թիմը խաղա Մոսկվայի Առաջին ալիքի „Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ“ խաղի տաղավարում, բայց ինչպես շատ, շատ երեւույթներ Մոսկվայում, դա նույնպես շաղկապված է բավականին մեծ գումարների հետ, որի հնարավորությունը պետությունը չունի, իսկ մասնավոր հատվածը լծված չէ ինտելեկտուալ խաղերի զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա նաեւ հայտնեց, որ հնարավոր է ՝ այս տարի նախարարությունների եւ գերատեսչությունների միջեւ կազմակերպվի ինտելեկտուալ խաղերի փառատոն։

Նշենք, որ Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնությունում ընդհանուր հաշվով մասնակցում էր 47 թիմ, 28 –ը՝ Վրաստանից, 14-ը՝ Ադրբեջանից եւ 5-ը՝ Հայասստանից։