Ես չեմ զղջում, որ ընդունեցի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը: Այստեղ վերաբերմունքն իմ հանդեպ վատացավ, բայց դա իմ խնդիրն է: Այս մասին News.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց մլոդովական «Տիրասպոլի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովն, ով փետրվարի 25-ին վարձակալության պայմանագիր կնքեց Կիշինյովի «Զիմբրու» թիմի հետ:

Արտյոմ, երեկ պայմանագիր կնքեցիր Կիշինյովի «Զիմբրու» թիմի հետ: Ի ՞նչ պայմաններով  ես հանդես գալու:

«Տիրասպոլն» ինձ վարձակալությամբ մինչև հունիս տվեց «Զիմբրուին»: Այդ ժամանակ էլ կավարտիվի պայմանագիրս «Տիրասպոլի» հետ:

Այլ առաջարկներ կայի՞ն:

Կար տարբերակ «Բանանցից», բայց պետք է մեկնեի  Թուրքիա` մասնակցելու ստուգողական խաղին, իսկ այստեղ արդեն ռեալ առաջարկ կար:

Մինչ այդ արդեն լավ ծանո՞թ էիր նոր թիմիդ:

Ծանոթ էի մարզչիս և թիմակիցներիս հետ:

«Տիրասպոլում» ոչ միշտ էիր հայտնվում հիմնական կազմում: Ինչո՞վ էր  դա պայմանավորված:

Երկու խաղը մեկ էի դուրս գալիս: Մարզիչը երեք կենտրոնական պաշտպաններին էլ  հնարավորություն էր տալիս խաղալու: Ցանկանում էր, որ բոլորս էլ խաղային պրակտիկա ունենայինք:

Արդեն ներկայացե՞լ ես  նոր թիմին:

Դեռ ոչ: Երեկ եմ կնքել պայմանագիրը: Հասցրել եմ մասնակցել միայն երկու մարզումներին:

Կարծիք կա, որ Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելուց հետո այդտեղ` Մոլդովայում, վերաբերմունքը քո հանդեպ փոխվեց՝ վատացավ:

Ես չէի ցանկանա խոսել այդ մասին: Այո, գործերս վատացան, բայց դա իմ խնդիրն է,  ու ես չեմ զղջում այդ ընտրության համար:

Իսկապե՞ս չես զղջում: Քեզ հրավիրեցին, բայց արտահայտվելու հնարավորություն չտվեցին: Իսկ հիմա ընդհանրապես չեն հրավիրում: Գուցե մնայիր և Մոլդովայի հավաքական հրավիրվեիր:

Չէ, չեմ զղջում: Ժամանակն ամեն բան ցույց կտա: Միայն ցավում եմ, որ այն վերջին հավաքին, որին մասնակցեցի, ինձ անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն չտվեցին: Մենք երեք խաղ անցկացրինք ՝ ԱՄԷ-ի, Ալժիրի և Գերմանիայի հետ, իսկ ես այդպես էլ հնարավարություն չստացա: Եթե ֆուտբոլիստին հրավիրում են, ու  առջևում երեք խաղ կա, կարծում էի, որ գոնե  հնարավարություն կստանամ: Դա էր անհասկանալի: Մնացած ամեն ինչ նորմալ է:

Գերմանիայի խաղից հետո ՀՖՖ-ից քեզ հետ չե՞ն կապնվել:

Ոչ, ոչ ոք:

Իսկ Շալանդի հետ շփվե՞լ ես:

Միայն հավաքից հետո: Նա բոլորիս հաջողություն մաղթեց:

Ի՞նչ կարծիք ունես այն մասին, որ Հայաստանի հավաքականի պաշտպանության գիծը մշտապես քննադատության կենտրոնում է:

Հարձակման և պաշտպանության գծի ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահմանյան լավ ակումբներում, իսկ պաշտպանության տղաները` հիմանականում Հայաստանի առաջնությունում: Չեմ ցանկանա որևէ մեկին  նեղացնել, բայց տարբերությունը մեծ է: Եվ գուցե քննադատությունը ինչ-որ տեղ հիմնավորված է:

Ի՞նչ տվեց քեզ հավաքականում հանդես գալը:

Լավ փորձ: Հանդես եկա լավ ֆուտբոլիստների հետ: Շատ բաներ սովորեցի և հասկացա:

Այս ամառ որտե՞ղ կցանկանաս տեղափոխվել:

Չէի ցանկանա մնալ Մոլդովայում: Կուզենայի ուժերս փորձել արտերկրում, որ մշտական խաղային պրակտիկա ունենամ:

Իսկ նախապատվություն չունե՞ս:

Կցանկանայի Մոլդովայից դուրս խաղալ: Հիմա ամեն տեղ էլ ճգնաժամ է: Լավ կլիներ խաղայի  Ռուսաստանում: Ամեն բան ինձանից է կախված, թե ինձ  ինչպես  կդրսևորեմ:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի ազգային հավաքականի  խմբից դուրս գալու հնարավորությունները:

Խումբը շատ բարդ է: Մենք Ալբանիայի հետ արդեն խաղացել ենք: Շատ ուժեղ թիմ է: Նայել  եմ Պորտուգալիայի հետ խաղը: Մենք բաց թողեցինք շատ ցավալի գոլ, երբ չկարողացանք գնդակը դուրս հանել: Մերոնք արժանի էին, առնվազն ոչ ոքիի: Հուսամ՝ ամեն բան լավ կլինի:

Դու 2013-ին արդեն խաղացել ես Ալբանիայի դեմ: Ի՞նչ կասես այդ թիմի մասին:

Լավ և կազմակերպված թիմ է: Ֆուտբոլիստները հանդես են գալիս լավ ակումբներում: Նրանց հետ հակագրոհներով խաղալը շատ բարդ է: Հեշտ չի լինելու:

Վերա ՄարտիրոսյանVera&Football