Միլիարդատեր Մորտ Ցուկերմանը գնորդ է որոնում The New York Daily News-ը վաճառելու համար։ Այս մասին գրում է The Financial Times-ը։ Ըստ առկա տեղեկությունների՝ գործարարին օգնում է Lazard ընկերությունը։ Ցուկերմանին ներկայացնող խորհրդատուները կապ են հաստատել Նյու Յորքի մեծահարուստների եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ընկերությունների հետ հնարավոր գործարքի հանդեպ նրանց հետաքրքրությունը պարզելու նպատակով։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ բանակցությունները դեռեւս նախնական փուլում են, եւ NY Daily News-ի վաճառքը հաստատված չէ։ Ցուկերմանի մամուլի խոսնակն ու Lazard ընկերությունը հրաժարվել են որեւէ կերպ մեկնաբանել իրավիճակը, գրում է Gazeta-ն։

NY Daily News-ը հիմնադրվել է 1919թ.։ Գործարարը թերթի սեփականատերն է 1993-ից։

Պարբերականի աշխատակիցներին ուղղված Ցուկերմանի ծառայողական ուղերձում ասվում է.  «Մի քանի շաբաթ առաջ մեզ դիմել են, որպեսզի պարզեն, թե որքանով ենք մենք շահագրգռված  Daily News-ի հնարավոր վաճառքի հարցում։ Թեպետ վաճառքի հարցը դիտարկելու ոչ մի պլան չկա, մենք գտնում ենք, որ նպատակահարմար է ուսումնասիրել այդ հնարավորությունը եւ բանակցել հնարավոր գնորդների կամ ներդրողների հետ»,- մեջբերում է Ցուկերմանի խոսքը The Financial Times-ը։