Այս տարվա հունիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպան-քաղբանտարկյալ Արշալույս Հակոբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո, դատարանը եւս մեկ ամսով` մինչեւ սեպտեմբերի 5-ը երկարաձգել է այդ ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Նրա խոսքով, եր դատարանում նույն ասոցիացիայի անդամ հանդիսացող Արշալույս Հակոբյանի շահերի պաշտպան Գայանե Խաչատրյանը հարցրել է, թե ինչ փաստերի հիման վրա է Ա. Հակոբյանի կալանքը երկարացվում եւս մեկ ամսով, քննիչը ոչ մի պատասխան չի կարողացել տա: Ի դեպ, ըստ Գ. Խաչատրյանի, նախաքնությունը ավարտվել է կալանքի 25-րդ օրը, իսկ դրանից հետո, թեեւ հայտարարվում է որ գործը նախաքննության փուլում է, սակայն կալանավորված իրավապաշտպանի նկատմամբ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում:

Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանին ձերբակալել են այն բանի համար, որ երբ ոստիկանները եկել են նրան ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր հանձնեն, նա, ըստ ոստիկանների, հարբած է եղել եւ բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ: Իրականում, սակայն, Մ. Դանիելյանը պատմեց, որ երբ ոստիկանները եկել են նրա տուն, կինն ասել է, որ ամուսինը քնած է, որից հետո ոստիկանության աշխատակիցները բռնությամբ մտել են ննջարան եւ ստիպել, որ ստորագրի ծանուցագրի տակ: Ա. Հակոբյանը տեսողության խնդիրների պատճառով սխալմամբ այլ տեղ է ստորագրել: Դրանից հետո ոստիկանները բղավել են նրա վրա եւ երբ Հակոբյանը պահանջել է իրեն քաղաքավարի վերաբերվել, ոստիկանները գազազել են եւ սկսել են ծեծել նրան իր իսկ տան մեջ:

«Ստալինի ժամանակները լիներ ոտքերդ ու մատներդ կջարդեինք»,- Միքայել Դանիելյանի պատմելով, սպառնացել են ոստիկանները:

Ի դեպ, այս գործով անցնում են երկու վկաներ եւ երկու տուժող ոստիկաններ, իսկ իրավապաշտպանի կինը այդպես էլ չի հարցաքննվել:

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Մ. Դանիելյանը հայտարարեց, որ սա հետապնդում է՝ ուղղված իրենց կազմակերպության դեմ, քանի որ երբ բերման են ենթարկել Ա. Հակոբյանին, Կենտրոնի ոստիկանապետը դիմելով Ա. Հակոբյանին՝ ասել է. «Այդ դո՞ւ ես իրավապաշտպանը: Յա դու, յա քո շեֆը», եւ թքել է նրա վրա: