Հարավային Կովկասի երկրներն ակտիվորեն օգտվում են ամերիկյան PR ընկերությունների ծառայություններից՝ երկրի եւ իշխանությունների իմիջը բարելավելու համար:
Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Վրաստանը վարձել է վաշինգտոնյան Glover Park Group PR ընկերությանը` 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Միխայիլ Սահակաշվիլիի «իմիջը» լրատվամիջոցներում բարձրացնելու համար՝ դրա դիմաց վճարելով 320 հազար դոլար: 2009թ. Վրաստանը «կառավարության վարկանիշը բարելավելու նպատակով» 300 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Public Strategies ընկերության հետ:
Հիշեցնենք, որ Orion Strategies PR-գործակալությանը Վրաստանը 2008թ. մոտ 150 հազար դոլար է վճարել Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու շահերը լոբբինգ անելու համար:
Ադրբեջանն իր հերթին 2008թ. համագործակցել է JWI և Livingston Group PR ընկերությունների հետ: JWI-ն 2008թ. առաջին կիսամյակում 134 հազար դոլար է ստացել Ադրբեջանի նախագահի` հասարակայնության հետ կապերի համար ռազմավարություն մշակելու և Ադրբեջանի Միջազգային բանկի շահերը ներկայացնելու համար, իսկ Livingston-ը 348 հազար դոլար՝ կոնգրեսում Ադրբեջանի կապերը զարգացնելու համար:
Հայաստանը նույնպես մեծ գումարներ է վճարել ամերիկյան ընկերություններին: Ըստ «Կոմերսանտի»՝ 2006-2007թթ. Հայաստանը վարձել է վաշինգտոնյան BKSH & Associates և Burson-Marsteller ընկերություններին: Հայաստանը BKSH-ին վճարել է 136,6 հազար դոլար՝ մեկ տարվա, իսկ Burson-Marsteller-ին` 195 հազար դոլար՝ մեկուկես տարվա համար՝ Հայաստանի կառավարության շահերն առաջ մղելու եւ Ցեղասպանության հարցում լոբբինգ անելու համար:



















