Թուրքիայի հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը Դիարբեքիրից հող է տարել Բրյուսել՝ քրդական շրջանակներում բավականին սիրված հայազգի երգիչ Արամ Տիգրանի գերեզմանին։ Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» կայքէջը։
Հունաստանում մահացած հայազգի երգիչ Արամ Տիգրանի դատարկ գերեզմանի մոտ, որը փորվել էր այն հույսով, որ թուրքական իշխանությունները թույլ կտան Արամ Տիգրանը թաղվի Դիարբեքիրում, տեղի է ունեցել նրա թաղման սիմվոլիկ արարողությունը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել Դիարբեքիրի քաղաքապետ
Օսման Բայդեմիրը։ Դիարբեքիրի քաղաքապետը քննադատել է Թուրքիայի իշխանություններին, որ թույլ չտվեցին Արամ Տիգրանին թաղել Դիարբեքիրում։ Նա, դիմելով հավաքվածներին, ասել է, որ բոլորի թույլտվությամբ եւ բոլորի անունից այդ սիմվոլիկ գերեզմանի փորված հողը կտանի Արամ Տիգրանի գերեզմանին։
NEWS.am-ը հիշեցնում է, որ քրդերենով ստեղծագործող հայազգի երգիչ Արամ Տիգրանի ընտանիքը ցեղասպանությունից փրկվելու նպատակով հեռացել էր Թուրքիայից եւ հաստատվել Սիրիայում՝ Քամըշլըում, որտեղ եւ 1934 թվականին ծնվել է Արամ Տիգրանը։ Արամ Տիգրանի հայրը ծնվել էր Սասունում։ 75 ամյա Արամ Տիգրանը անցյալ շաբաթ Աթենքում իր մահկանացուն է կնքել։




























