Մարտի 1-ը կբացահայտվի այն ժամանակ, երբ ձերբազատվենք իշխող ռեժիմից: Այս մասին լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ այսօր՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցին Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակը հարգելուց եւ ծաղիկներ դնելուց հետո:
«Մարտի 1-ը, բնականաբար, բացահայտված է, բայց բացահայտման գործընթացը այս ռեժիմի օրոք տեղի ունենալ չի կարող: Այն օրը, երբ ռեժիմից կձերբազատվենք, վստահ եմ, որ դա օրերի խնդիր է լինելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանի խոսքով՝ գործող իշխանությունից քաղաքական դասական գործընթացներով հնարավոր չէ ազատվել, իշխպանությունը կհեռանա միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը կազմակերպվի եւ ստիպի նրանց հեռանալ:
Նշենք, որ այսօր, ժամը 15:00-ին, ՀԱԿ-ն իր ավանդական մարտիմեկյան հանրահավաքն է հրավիրել Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:





























