Մարտի 1-ի դեպքերի մեղավորները բացահայտված են, միակ խնդիրն այն է, որ այդ բացահայտումներին տրվի պաշտոնական ընթացք: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը այսօր՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցին Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակը հարգելուց եւ ծաղիկներ դնելուց հետո:
«Մարտի 1-ի ոճրագործության ճարտարապետն ու թիվ մեկ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, որը հակասահմանադրական ձեւով բանակը դուրս բերեց ներքին հարցերին լուծում տալու համար: Այստեղից պետք է պաշտոնական բացահայտումն սկսվի. Քոչարյանը պետք է կանգնի դատարանի առջեւ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:





























