Բորիս Նեմցովը կամուրջ էր արտաքին աշխարհի և Ռուաստանի դեմոկրատական ուժերի միջև։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ Նեմցովի սպանությունը անկասկած ձեռնտու չէր դեմոկրատական ուժերին, որքան էլ ռուսական լրատվամիջոցները փորձեն այդ ուղղությամբ ուղղորդել տեղեկատվական հոսքը։

 «Բորիս Նեմցովի սպանությունը կորուստ էր ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր ժողովրդավարական ուժերի համար»,-ասաց Քոքոբելյանը։

Նրա խոսքով՝  Նեմցովի նման գործչի գործունեությանը Ռուսաստանի նման երկրում, անակասկած, մանրակարկիտ հետևում են անվտանգության ծառայությունները, ինչը նշանակում է, որ նրանք կարող են և պարտավոր են շատ արագ բացահայտել Նեմցովի սպանությունը։

Նշենք, որ ռուս ընդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։