Ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության ականատես, 23-ամյա Աննա Դուրիցկայան գտնվում է մասնավոր բնակարանում եւ իրավապահ մարմինների պաշտպանության տակ է։ Այդ մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ստեպան Սեմերակը։ Նրա խոսքով, Դուրիցկայան ձեւականորեն ունի տեղաշարժվելու իրավունք, կարող է լքել Մոսկվան եւ վերադառնալ Կիեւ, սակայն իրավապահները նրան թույլ չեն տալիս անել դա։

Սեմերակը նաեւ նշել է, թե առաջիկայում կլինի Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը՝ Դուրիցկայայի իրավունքների պաշտպանության մասին։ Պատգամավորը Ուկրաինայի քաղաքացու՝ Ռուսաստանում  գտնվելու փաստը «ոչ ֆորմալ ձերբակալություն» է անվանել։

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։