Իրավապահները ձերբակալել են Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի մոտ 15 մասնակիցների։ Այդ մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը, թեեւ այլ աղբյուրներ նշում են, որ ձերբակալվածների թիվը 20 է։
Երթի մասնակիցները անցել են մոսկվայի կենտրոնով, Կիտայ-գորոդից մինչեւ մոսկվորեցկի կամուրջ, որտեղ ծաղիկներ են դրել սպանության վայրում։ Երթի կազմակերպիչների խոսքով, մասնակցել է 100 հազար, իսկ ոստիկանության պնդմամբ՝ 17 հազար մարդ։
Երթի մասնակիցներից մեկը «Դոժդ»-ին հայտնել է, թե ձերբակալվածները կարգը չեն խախտել, անգամ կարգախոսներ չեն վանկարկել։
Ակցիայի ժամանակ ձերբակալել են նաեւ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին, որին կարող են քրեական մեղադրանք առաջադրել Օդեսայում 2014թ. մայիսի 2-ին տեղի ունեցած մահաբեր հրդեհի գործով։
Նշենք, որ Նեմցովի հիշատակի միջոցառումներ են կայացել Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Վորոնեժում։


































