Ոստիկանության Աշտարակի բաժնում հունվարի 22-ին հաղորդում է ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Արագածի եւ Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 28-ին Աշտարակի բաժին է ներկայացել 26-ամյա Գեւորգ Մ.-ն եւ հայտնել, որ հունվարի 22-ի գիշերը մետաղադրամների գողությունը կատարել է ինքը:

Նա նաեւ խոստովանել է, որ հունվարի 20-ից մինչեւ հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում եւ Աշտարակ-Թալին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ավտոմատացված ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Աշոտի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: