Փետրվարի 27-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի մոտ երկու կասկածելի տղամարդիկ կան` ձեռնոցներով, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտից, Ազատության պողոտայի 12/2 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 35-ամյա Սերգեյ Ս.-ին, իսկ 49-ամյա Արթուր Խ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանները հետապնդել են նրան, սակայն Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտ «Շեւրոլետ» մակնիշի մի ավտոմեքենա վրաերթի է ենթարկել փախչող Արթուր Խ.-ին եւ նրան հետապնդող ոստիկանության ծառայողներից մեկին: Արթուր Խ.-ն ձախ սրունքի միջին երրորդի կոտրվածքով եւ ուղեղի ցնցումով, իսկ ոստիկանության ծառայողը՝ աջ արմնկային հոդի սալջարդով, տեղափոխվել են հիվանդանոց:

Խուզարկությամբ Սերգեյ Ս.-ի մոտ հայտնաբերվել են ձեռնոցներ:

Պարզվել է, որ նա եւ Արթուր Խ.-ն ժամը 23.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի պատուհանն ու գողություն կատարել:

Սերգեյ Ս.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: