Իրանի Արդաբիլ քաղաքում բնակիչների մեծամասնությունը, որոնք ադրբեջանցիներ են, «Sarcheshme» հրապարակում բողոքի ցույց են արել՝ ընդդեմ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Ադրբեջան այցի, հաղորդում է Արդաբիլի գավառական հեռուստաընկերությունը։
Բողոքականների համոզմամբ, սիոնիստական ռեժիմի առաջնորդը գործ չունի Ադրբեջանում, եւ դա պետք է լավ գիտակցեն Բաքվում։ Նրանք կարծում են, որ Պերեսի այցը, Ադրբեջանի եւ Իրանի ադրբեջանցիներին միմյանց դեմ լարելու, իրար հանդեպ ատելություն ու թշնամություն սերմանելու նպատակ ունի։
Այսպես են արտահայտվել բողոքավորներից մի քանիսը, որոնք ցանկացել են անհայտ մնալ. «Իսրայելի նպատակը՝ Ադրբեջանի մուսուլմանների դեմ աշխատանքն է։ Մենք, վստահորեն դատապարտում ենք այդ գործողությունները եւ մեր բողոքով փորձում ենք խոչնդոտել դրան։ Կոչ ենք անում Իսրաելին. „Հանգստացիր, հանցավոր Իսրայել, հերիք է“։ Ադրբեջանի մուսուլմանները պետք է պահպանեն առողջ դատողությունը եւ ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը։ Մեր կարգախոսն է „Մահ Իսրայելին“։ Այաթոլլա Հոմեյնին ասել է, որ Իսրայելը նման է քաղցկեղի, մենք հանգիստ չենք կարող ապրել այս աշխարհում, մինչեւ չվերացնենք այն», հայտարարել են Արդաբիլի ադրբեջանցիները։



























