Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հունիս ամսին նամակ է ստացել, որ մայիսին կաճվել է իր եւ Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մայիսի 21-ին ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցի վրա Հայաստանի ռաջադիմական կուսակցության նախկին ղեկավար Տիգրան Ուրիխանյանը իր ընկերների հետ միասին հարձակվել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա, ապա նաեւ գազային ատրճանակով կրակել նրա վրա: Այդ ընթացքում Ուրիխանյանը դիմելով Դանիելյանին ասել է. «Հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ»: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի եղել: Դեպքի վայրից վիրավոր իրավապաշտպանին տարել են կենտրոնի ոստիկանությունը: Մեկ տարի տեւած քննության ընթացքում, ըստ Դանիելյանի, իրավապահները միայն պարզել են, որ Ուրիխանյանի արարքում հանցակազմ չկա, քանի որ իրեն թվացել է, թե իր վրա հարձակվում են: «Ըստ ոստիկանների, պարզվում է նա չի հասկացել, որ ես ինքնապաշտպանվել եմ: Մտածել է, որ հարձակվում եմ, դրա համար էլ ինքնապաշտպանվել է»,- հեգնանքով նկատեց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Տ. Ուրիխանյանի մարդիկ երեք անգամ դիմել են իրեն հաշտվելու առաջարկներով, մի անգամ էլ` Կենտրոնի քննչականի պետը. խնդրել է` ներել:
Մ. Դանիելյանը ընդգծեց, որ Ուրիխանյանը երկու փամփուշտ է կրակել, որից երկրորդը եղել է ինքնաշեն, սակայն ոստիկանությունը աչք է փակել դրա վար եւ չի փորձել պարզել, թե արդյոք այդ ինքնաշեն փամփուշտը մարտական չի եղել: Նա ընդգծեց, որ ինքը բազմաթիվ անգամ դիմել է քննչական մարմնին, որպեսզի տեղեկանա, թե գործտը որ փուլում է, սակայն իրեն հանգստացրել են, թե նորմալ ընթանում է: «Մեկ էլ հանկարծ տեղեկանում եմ, որ մեկ ամիս առաջ գործը կարճվել է»,- ասաց նա:



















