ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:

ՀՔԾ-ից հայտնում են, որ պաշտպանը մասնավորապես հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երեւան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ` անտեղյակ լինելով դրա պարունակությունից, որից հետո նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետեւ նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ  հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց:  Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հարկադրել են խոստովանական բացատրություն եւ ցուցմունք տալ ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ` իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:

Բռնություն գարծադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: