Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի այրին՝ Մանուշակ Սարգսյանը, պնդում է, որ բանաստեղծ, ՀԳՄ անդամ Հովհաննես Ղազարյանը ստում է՝ նշելով, որ իր հանգուցյալ ամուսինը նրան նվիրել է Առինջ գյուղում գտնվող տարածքը, որտեղ գրողն իր ընտանիքի հետ բնակվում է 2001 թվականից։ Նրա խոսքով՝ ամուսինը, խղճալով բանաստեղծի ընտանիքին, ժամանակավոր ապաստան է տվել նրանց, իսկ 2013թ.՝ ամուսնու մահից տասն օր անց, Ղազարյանի ընտանիքի անդամներն առանց իրեն տեղյակ պահելու գաղտնի գրանցվել են այդ տարածքում։
«Ղազարյանների ընտանիքը, օգտվելով իմ ամուսնու մահից, ցանկանում է այսպիսի ստոր քայլերի միջոցով տիրանալ մեր տարածքին: Ես բոլոր փաստաթղթերն ունեմ ասածներս ապացուցելու համար: Տարածքը, որն ամուսինս տրամադրել էր նրանց, ոչ թե տուն է եղել, ոնց որ իրենք են ներկայացնում, այլ պահեստային տարածք։ Այն կիսաքանդ վիճակում չի եղել, քանի որ նրանցից առաջ այդ տարածքում ապրել է մեր բարեկամուհին։ Բայց Հովհաննես Ղազարյանի որդին` Նարեկ Ղազարյանը չգիտեմ ո՞ր իրավունքով գնում և թաքուն ջրի բաժանորդ է դառնում, այն դեպքում, երբ դա ՍՊԸ-ի սեփականություն է»,- NEWS.am-ին ասաց Մանուշակ Սարգսյանը։
Մանուշակ Սարգսյանը նաեւ պնդում է, որ ինքը ստիպված է նրանց այժմ տարածքից դուրս հանել, քանի որ ամուսնու մահից հետո ի վիճակի չէ նրանց փոխարեն գույքահարկ վճարել։ Բացի դրանից, նա պնդում է, որ Ղազարյանները ստում են՝ ասելով, որ տարածքը լքելուց հետո փողոցում կհայտնվեն. նա փաստեր ունի, որ Ղազարյանների ընտանիքն այլ վայրերում սեփականություն ունի։
«Անշարժ գույքի պետական կոմիտեում ինձ ասել են, որ Հովհաննես Ղազարյանի կինը` Օֆելյա Ղազարյանը, Արարատի մարզում սեփականություն ունի, նրանց հարսը`Հեղինեն, Սյունիքի մարզում սեփականություն ունի, իսկ Հովհաննես Ղազարյանը` Ղարաբաղում»,- ասաց Մանուշակ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը, այսօր` մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ ընտանիքի 14 անդամներով, այդ թվում՝ վեց անչափահաս թոռներով, հաշմանդամ որդով ու հիվանդ տիկնոջով հայտնվել է դրսում, քանի որ Առինջ գյուղում գտնվող տարածքը 2001 թվականին անհատույց հիմունքներով բանաստեղծին տրամադրած՝ Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի կինը` Մանուշակ Սարգսյանը, ամուսնու մահվանից հետո պահանջում է լքել տունը, որտեղ նրանք բնակվել են 2001 թվականից մինչեւ օրս:





























