Կիրակի օրը՝ հուլիսի 18-ին, Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց 10 րոպե անց տեխնիկական խնդիրներ է ունեցել, հետ է շրջվել եւ հարկադրված վայրէջք իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն իր հուլիսի 21-ի համարում: Ուղեւորները, ըստ թերթի, պատմում են, որ երբ օդանավը բարձրանալիս է եղել, ուժեղ ցնցում է զգացվել, եւ ամբողջ ինքնաթիռը մի պահ թափահարվել է, ինչի հետեւանքով օդանավի մեջ մեծ խուճապ է առաջացել։ Բարեբախտաբար, օդաչուները կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել, եւ ինքնաթիռում գտնվող 134 ուղեւորներից եւ ոչ մեկը չի տուժել: Հայաստանի քաղավիացիայի լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել «Աէրոֆլոտ»  ընկերությանը պատկանող «Ա 320 ինքնաթիռի հետ:

Իրականացված քննության ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչի աշխատանքը խափանվել է, քանի որ դրա մեջ թռչուն է ընկել: Ըստ «Աէրոֆլոտի» տնօրեն Վադիմ Կովալենկոյի, «Զվարթնոց» օդանավակայանում թռչունների առկայությունն առաջին անգամ չէ, որ խնդիրներ է առաջացնում օդաչուների համար, եւ այժմ ընկերությունը պատրաստվում է դիմել «Զվարթնոցի» ղեկավարությանը եւ կոչ անել շտկել օդանավակայանում առկա խնդիրները: Կովալենկոն պատմել է նաեւ, որ այս տարվա ընթացքում իրենց ընկերությանը պատկանող Երեւան-Մոսկվա արդեն երկրորդ չվերթն է, որ խափանվում է «Զվարթնոցի» տարածքում ազատ ճախրող թռչունների պատճառով: