ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում հուլիսի 20-ին հանդիպել է Շվեյցարիայի, Ուրուգվայի, Ճապոնիայի ու Հունաստանի խորհրդարանների նախագահների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ Էրիկա Ֆորստեր-Վաննինիի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ կերպով, ձեւավորվել է բովանդակալից եւ բավականին ընդգրկուն օրակարգ: Նա շնորհակալություն է հայտնել 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար:

Ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, Հ. Աբրահամյանը նշել է, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը եւ խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է  երկու երկրների միջեւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները, ինչպես նաեւ տարբեր միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը:

Ֆ. Պետսալնիկոսը տեղեկացրել է, որ Հունաստանի խորհրդարանում ստեղծվել է Հունաստան-Հայաստան  բարեկամության խումբ: Նա վերահաստատել է Հունաստան պաշտոնական այց կատարելու ԱԺ նախագահին իր հրավերը:

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանը նշել է, որ այս տարվա հուլիսից Տոկիոյում գործում է ՀՀ դեսպանությունը: Նրա խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը կովկասյան տարածաշրջանում եւ գնահատում է Ճապոնիայի ջանքերը մեր տարածաշրջանի բոլոր պետությունների հետ հավասարակշիռ եւ համազոր հարաբերություններ զարգացնելու համար: Բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը` ԱԺ նախագահը կարեւորել է ավելի լիարժեք առեւտրատնտեսական համագործակցության անցումը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը: