ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) պատվիրակությունը՝ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել էր ԼՂՀ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարից, այցի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունը իր արցախյան գործընկերներին է փոխանցել ծառայության աշխատանքի ավտոմատացման համակարգ՝ սերվերներ, տերմինալային համակարգիչներ, ցանցային սարքավորումներ, ծրագրային փաթեթներ։ Ընդ որում, ծրագրերը մշակվել են ՀՀ ԴԱՀԿ ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի մասնագետների կողմից։ «Համակարգը հնարավորություն կտա ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը, հաշվետվությունների գեներացման միջոցով ուժեղացնել վերահսկողությունը, ինչն իր հերթին կնպաստի նյութական միջոցների եւ մարդկային ռեսուրսների խնայմանը»,- մասնավորեցրել է նշված բաժնի պետ Գագիկ Հարությունյանը։ Բացի այդ, ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությանը տրամադրվել է կայք էջ, որը գործում է www.nkr.harkadir.am  հասցեով։ Ծառայության կարիքների համար արցախյան կողմին տրամադրվեց մեկ ամենագնաց ավտոմեքենա:

Նյութական աջակցությունը տրամադրվել է ՀՀ եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների միջեւ այս տարվա մարտին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ընդգծել է ավտոմատացման համակարգի կարեւորությունը։ «Միշտ չէ, որ նորամուծությունները դրական են ընկալվում։ Հայաստանյան ծառայությունում ոչ բոլորն էին ընկալում ավտոմատացման արդյունավետությունը։ Սակայն կարճ ժամանակ անց, երբ համակարգը սկսեց գործել, դրա առավելությունները դարձան ակնհայտ։ Ես համոզված եմ, որ շուտով դուք չեք պատկերացնի ձեր գործը առանց այս համակարգի։ Ի վերջո, 21-րդ դարում այլ աշխատաձեւ չի կարող լինել»,- դիմել է Մ.Պողոսյանը Արցախի հարկադիր կատարողներին։

ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանի խոսքով, ավտոմատացման համակարգի ներդրումը կնպաստի ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ «Այս տարվա 1-ին կիսամյակում վարույթների քանակը կրկնապատկվել է։ Դա լուրջ մարտահրավեր է մեր ծառայության համար։ Ավտոմատացումը մեզ թույլ կտա լուծել այդ խնդիրը»,- նշել է Ս.Շահրամանյանը։