Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ համագործակցության ձեւավորման ու զարգացման ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար եւ ընդգծելով մարզերի հետ փոխգործակցության հարցում Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը՝ Արմեն Ուլիխանյանն առանձնացրել է վարչական շրջանի եւ Գեղարքունիքի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն ու համոզմունք հայտնել, որ այն իսկապես արդյունավետ կլինի երկու կողմերի համար էլ:    Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին մարզի զարգացման տեսանկյունից կարեւորել է Երեւանի ու վարչական շրջանների հետ համագործակցությունը եւ բարձր գնահատել այս հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը:  

Հանդիպման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվ համագործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, տուրիզմի, սոցիալական ապահովության եւ առողջապահության բնագավառներում: Կողմերը նաեւ վստահեցրել են, որ հուշագիրը ամուր կամուրջ կլինի արդյունավետ փոխգործակցություն ծավալելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրագործելու համար:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ Վաղաշեն համայնքում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը եւ Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը քննարկել են մարզի հետ համագործակցության շրջանակում Նոր Նորքում գյուղատնտեսական շուկա հիմնելու հետ կապված հարցեր` գնահատելով այն որպես տնտեսական զարգացման կարեւոր քայլ:

Ի նշան հիմք դրվող բարեկամության՝ Վաղաշենի նորակառույց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակն այսուհետ կահավորված կլինի վարչական շրջանի կողմից նվեր ստացած նոր նստարաններով ու աղբամաններով: