Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղի կազմակերպիչը մոսկվայաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանն է, ով հանդիպման նախաձեռնողն ու ֆինանսավորողն է։ Մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում կայանալիք խաղին մասնակցելու են Ռոբերտո Կարլոսի, Մարկո Մատերացիի, Ջենարո Գատուզոյի պես աստղեր:
NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը պատմեց հանդիպման մանրամասների և հրավիրված մյուս ֆուտբոլիստների մասին։
Պարող Սողոմոնյան, ի՞նչ առնչություն ունեք ֆուտբոլի հետ։ Պատմեք Ձեր մասին:
Ես գործարար եմ և ֆուտբոլի հետ ուղիղ կապ չունեմ: Ժանակին մի քիչ խաղացել եմ «Լոկոմոտիվում», իսկ այսօր ակտիվ երկրպագու եմ: Ծնվել եմ Երևանում։ Հայրս զինծառայող էր: Ապրել ենք Կիևում, Վիլնյուսում, հետո էլ՝ Մոսկվայում: Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Մոսկվայում:
Եթե գաղտնիք չէ, կոնկրետ ինչո՞վ եք զբաղվում:
Նավթաքիմիական արդյունաբերությամբ: Արտադրում ենք պորոլոն: Ունենք ութ գործարան Ռուսաստանում, մեկը՝ Ղազախստանում, մեկն էլ՝ Սերբիայում:
Արթուր, որտեղի՞ց առաջացավ Խորեն Հովհաննսիյանի 60-ամյակի առթիվ այսպիսի լայնամասշտաբ միջոցառում կազմակերպելու գաղափարը:
Անկեղծ ասած, առաջին անգամը չէ, որ Հայաստանում կազմակերպում եմ միջոցառում: Առաջինը Նիկիտա Սիմոնյանի 75-ամյակն էր, հետո եղավ «Արարատ-73»-ի 30-ամյակը: Խորեն Հովհաննիսյանը մանկությանս կուռքերից էր: Այն ժամանակ չէի էլ մտածի, որ ոչ միայն կծանոթանամ նրա հետ, այլ նաև կընկերանամ: Այժմ ինձ համար լավ առիթ է հավաքել նրա ընկերներին: Խորենը շատ համեստ մարդ է: Ինքը ոչինչ էլ չէր կազմակերպի: Ինքս առաջարկեցի, բայց նա միանգամից չհամաձայնվեց: Ասում էր, որ գուցե չարժե այդքան մեծ մասշտաբների միջացառում անցկացնել, բայց հետո ինձ հաջողվեց համոզել նրան: Այժմ այդքան էլ հեշտ չէ հավաքել նրա՝ ԽՍՀՄ-ի հավաքականի ընկերներին:
Մենք որոշեցինք անցկացնել աշխարհի և ԽՍՀՄ հավաքականների միջև ընկերական հանդիպում: Մարտի 11-ին ես մեկնելու եմ «Միլան» ակումբ: Շատ ֆուտբոլիստներ այնտեղից են լինելու: Ամենահետաքրքիրն այն է, որ ֆուտբոլիստները մեծ ոգևորությամբ են ընդունում Հայաստան այցելելու հրավերը: Գատուզոն և Մատերացին գալու են իրենց ընտանիքների հետ: Ցանկանում են տեսնել Հայաստանը: Երբ կազմում էինք ցուցակները, սկզբում նշում էինք 20 անուն: Պատահում է, երբ մի քանիսը չեն կարողանում գալ: Այս անգամ, երբ հավաքում էինք ԽՍՀՄ թիմին, 20 խաղացողներ անմիջապես համաձայնվեցին, նրանցից մի քանիսն էլ խնդրեցին իրենց հետ բերել այլ մարդկանց: Այնպես ստացվեց, որ ԽՍՀՄ թիմում կա 25 մարդ: Նախկին թիմակիցները շատ ջերմ են վերաբերվում Խորենին ու չեն մոռացել նրան:
Իսկ աշխարհի հավաքականի կազմն արդեն հայտնի՞ է։
Մարտի 11-ին մեկնելով Միլան՝ հանդիպելու եմ Կլարենս Զեեդորֆի հետ: Արդեն գիտեք, որ Բարեզին, Մատերացին ու Գատուզեն հաստատ գալու են: Իրենց մասնակցությունը հաստատել են նաև Պապենը եւ Ռոբերտո Կարլոսը: Այդ օրերին լինելու են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպված: Այդ պատճառով շատերը չեն կարող գալ:
Օրինա՞կ:
Գերմանացի դարպասապահ Յենս Լեմանը չկարողացավ գալ: Ռուդի Ֆյոլերը եւս չի ժամանի, բայց նա խնդրեց իր կողմից շնորհավորել Խորենին:
Ո՞վ է պաշտպանելու աշխարհի հավաքականի դարպասը:
Այժմ բանակցություններ ենք վարում Ֆաբյեն Բարտեզի, Հիրալդ Շումախերի ու Անջելո Պերուցիի հետ: Իմ այցելությունն Իտալիա կորոշի շատ հարցեր:
Ցուցակը նախապես կազմելիս կայի՞ն անուններ, որոնց նախապատվություն էիք տալիս:
Այժմ բանակցում ենք նաեւ Ռիվալդոյի հետ: Նա Խորենի որդու հետ խաղացել է Հունաստանում: Հիմա նա բրազիլական ակումբի տնօրեն է եւ եթե կարողանա, կգա: Կանչել ենք նաև Լուիշ Ֆիգուին, ով այժմ շատ զբաղված է: Նա որոշել է առաջադվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Երեկ Ֆիգուն ինձ նամակ գրեց և խնդրեց իրեն ևս մի քանի օր տալ վերջանական որոշում կայացնելու համար: Այս պահին ունենք 10 ֆուտբոլիստներ, ովքեր հաստատ գալու են: Մենք արդեն նրանց տոմսերը գնել ենք:
Գիտե՞ք Հայաստանում սպասում էին, որ Մարադոնան եւս գալու է:
Մենք իսկապես բանակցել ենք Մարադոնայի հետ: Ցավոք, նա այժմ վատառողջ է և բուժման կուրս է անցնում: Նրա մտերիմ հայ ընկեր Նորայ Նակիսի միջոցով փորձում ենք անել այնպես, որ միջոցառման ժամանակ Մարադոնայի կողմից շնորհավորանք լինի Խորենին:
Խորեն Հովհաննիսյանը նախապատվություններ ունե՞ր ցուցակի հարցում:
Նա շատ բաց ու շփվող մարդ է: Առաջին հերթին նա ցանկանում էր խաղալ ԽՍՀՄ-ի թիմի կազմում՝ իր նախկին թիմակիցների հետ: Նախկինում նրանք հաճախ էին հանդիպում: Ուկրաինայի հետ այս վերջին դեպքերից հետո այդքան էլ հեշտ չէ կազմակերպել դա:
Իսկ երևանցիներից ո՞ւմ եք հրավիրել: «Արարատի» նախկին ֆուտբոլիստներից ո՞վ էլինելու:
Լինելու է Ալբերտ Սարգսյանը: Գուցե մի քանի երիտասարդ ֆուտբոլիստի էլ խնդրենք, քանի որ աշխարհի թիմի միջին տարիքը 45 է, իսկ ԽՍՀՄ-ինը՝ 55: Արժանի դիմադրություն ցույց տալու համար պետք է դիմել երիտասարդ ուժերի օգնությանը: ԽՍՀՄ թիմից կխաղա նաև Խորենի որդին՝ Ժորան: Չնայած նա երբեք հանդես չի եկել ԽՍՀՄ թիմի կազմում, բայց կփոխարինի հորը, ով հանդես է գալու երկու թիմերում:
Մինչեւ խաղը մնացել է երեք շաբաթ: Արդեն հստակություն կա՞ տոմսերի և այլ հարցերիշուրջ:
Տոմսերն այսօրվանից հանվել են վաճառքի եւ կարժենան 500-1000 դրամ: Այս խաղը կրելու է նաև բարեգործական բնույթ: Ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Հուսանք, որ ստադիոնը կլինի լեփ-լեցուն: Համաշխարհային աստղերն են հավաքվելու: Դեռ պարզ չէ, թե երբ կլինի այսպիսի բան։
Ամեն բան ֆինանսավորվում եւ կազմակերպվում է դրսից, իսկ Հայաստանից օգնության առաջարկներ եղել ե՞ն:
Ֆուտբոլի ֆեդերացիան անվճար տրամադրեց Հանրապետական ստադիոնը, ինչի համար շնորհակալ ենք: Այս կարգի հարցերում շատ հաճախ կողքից օգնությունը հակառակ արդյունքն է ունենում: Երգիչ Թաթա Սիմոնյանը համաձայնվեց գալ և երգել անվճար․ դա էլ կլինի նրա նվերը հոբելյանին: Մենք ունենք նաև Gold's Gym ընկերությունը: Նրանք եւ «Շառմն» իրենց վրա են վերցրել կազմակերպչական հարցերը։
Փաստորեն, լինելու է նաև համերգային ծրագիր:
Ոչ մեծ: Թաթայից բացի, ելույթ կունենա նաև Վախթանգ Կիկաբիձեն: Նա նույնպես սիրով արձագանքեց հրավերին: Այս պահին Վախթանգը վատառողջ է, բայց զանգարահեց և վստահեցրեց, որ կգա։
Հյուրերի համար նախատեսվա՞ծ են էքսկուրսիաներ։
Այո, իհարկե: Ֆուտբոլիստները կգան իրենց կանանց հետ, ինչը հաճախ չէ լինում: Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ «Լեգենդների գավաթը», որին ֆուտբոլիստները ժամանել էին առանց կանանց, իսկ Հայաստան ցանկացան գալ ընտանիքներով: Կլինի էքսկուրսիոն ծրագիր ամբողջ Հայաստանով: Նրանց ցույց կտանք մեր երկիրը:
Ճի՞շտ է, որ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձի առթիվ խաղ է կազմակերպել նաեւ Թուրքիայում:
Ես ունեմ ընկերություն, որը կազմակերպում է ֆուտբոլային միջոցառումներ, որոնք հիմնականում նվիրում ենք այսպիսի ֆուտբոլիստներին: Այս անգամ խաղը կլինի մայիսին ու կնվիրենք Խորենին: Հիմնականում մասնակցում են 40 թիմեր ԽՍՀՄ նախկին երկրներից:
Հետագայում նախատեսո՞ւմ եք նմանատիպ միջոցառումներ անցկացնել Հայաստանում:
Քանի որ իմ գործունեությունը դրսում է, ես շատ հաճախ, երբ հյուրերին հրավիրում եմ Հայաստան, նրանք միշտ հարցնում են, թե երբ է լինելու հաջորդը, որպեսզի կրկին գան: Կարծում եմ՝ սրանով չենք սահմանափակվի: Եկող տարի Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակն է: Տա Աստված, որ ողջ լինենք ու լավ բան կազմակերպենք: Այն ֆուտբոլիստները, ովքեր այս անգամ չկարողացան գալ, խնդրեցին մյուս անգամ անպայման հրավիրել իրենց: Իմ հիշողության մեջ այս կարգի մեծ միջացառում դեռ չի եղել Հայաստանում, որպեսզի աշխարհի տարբեր երկների ֆուտբոլիստները հավաքվեն Երեւանում:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football





























