Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերին շրջագայություն կկատարի ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։
Ըստ Պրիխոդկոյի, Մեդվեդևը սեպտեմբերի 23-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին, իսկ այնուհետև սեպտեմբերի 25-ին նախատեսված «Քսանյակի» առաջնորդների հերթական հանդիպմանը։
Նշենք, որ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունենալու Նյու Յորքում՝ սեպտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան 2009 թվականի սեպտեմբերի 23-30-ը։
Նախնական օրակարգում քննարկման ենթակա թեմաների թվում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։




























