Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն, ազգագրագետ Կարինե Բազեյանը հայ կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին ցածր է գնահատում: NEWS.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ դրա պատճառն այն է, որ կին քաղաքական գործիչները հայ հասարակության կողմից դեռ այնքան էլ չեն ընդունվում, իսկ քաղաքականությունն էլ մասնավոր սեփականություն է, որտեղից կանանց դուրս են մղում:

«Եթե կանանց քաղաքական մասնակցությունը համեմատենք տղամարդկանց մասնակցության հետ, ապա վստահ կարող ենք ասել, որ շատ ցածր է: Սա կապված է հայ հասարակության ընկալման հետ, քանի որ այն հայ կնոջը քաղաքական գործչի կերպարում տեսնելու համար այնքան էլ պատրաստ չէ: Այս հարցում մեծ դերակատարություն ունի նաև Հայաստանի քաղաքական մշակույթը, քանի որ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ քաղաքականությունն այսօր ավելի շատ բիզնես է, իսկ այնտեղ, որտեղ մասնավոր սեփականության գերխնդիր կա, այնտեղից կանանց դուրս են հանում»,-ասաց Բազեյանը:

Չնայած դրան, Բազեյանի խոսքով` Հայաստանում կանանց միջին սերունդ կա, որն ակտիվ աշխատում և ամեն գնով փորձում է իր տեղը, դերն ու կարգավիճակը հաստատել հայ հասարակության մեջ և այսօր կնոջ դերի ու հեղինակության բավականին մեծ աճ է գրանցվել:

«Հայ իրականության մեջ կնոջ կարգավիճակն ու հեղինակությունը բարձրացել է, որը կապված է կնոջ կրթություն ստանալու հետ: Կրթված կինը ճանաչում, պաշտպանում է իր իրավունքները և հենց իրավունքների ճանաչմամբ էլ  գիտակցում իր ազատությունը: Հայ կինն այսօր կարողացել է ինքնահաստատվել և քիչ է ենթարկվում տղամարդկանց, թույլ չի  տալիս, որ իրեն ճնշեն, իր փոխարեն որոշումներ կայացնեն և այլն»,-ասաց ազգագրագետը:

Մյուս կողմից էլ, Կարինե Բազեյանի կարծիքով`տնտեսական ծանր իրավիճակի և արևմտյան արժեքների սխալ ընկալման պատճառով հայ հասարակության շրջանում  հայ կնոջ ունեցած կերպարն ու դերակատարությունն աղավաղվել են։

«Աշխատանքի բացակայության պայմաններում կանայք, որոնք ժամանակին բավականին ակտիվ են եղել, աշխատել են,  օժանդակել իրենց ընտանիքին, այսօր գործազուրկ են և կանգնած են բազում խնդիրների առաջ: Եվ հենց աշխատանքի բացակայության պատճառով է, որ  այդ կանայք չեն կարողանում ինքնահաստատվել ընտանիքում և հասարակության մեջ որոշակի դիրք գրավել: Մեր մշակույթը, արժեհամակարգը փոխվել է,  եթե առաջ ընտանիքը, երեխաները հայ կնոջ համար առաջնային էին, ապա այսօր այդպես չէ: Շատ հայ կանայք արևմտյան արժեքները միշտ չէ, որ ճիշտ են ընկալում և հենց դա էլ հանգեցնում է մեր ազգային արժեհամակարգին ոչ հարիր երևույթների առաջացմանն ու տարածմանը: Այսօր Հայաստանում բավականին մեծ տոկոս է կազմում  հայ ժողովրդի կողմից անընդունելի մի երևույթ`մարմնավաճառությունը, որն աղավաղում և ստորադասում է կնոջ կերպարը` հայ կնոջ մասին բացասական կարծիք ստեղծելով տղամարդկանց մոտ»,-ասաց Կարինե Բազեյանը: