Ճանապարհաշինության պետական մրցույթներում մշտապես հաղթում են 2-3 կազմակերպություն, որոնք սեփական տեխնիկա չունեն, այսօր` հուլիսի 21-ին հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը։ Այդ կազմակերպությունները կարողանում են ավելի գրագետ փաստաթղթեր ներկայացնել, սակայն փաստորեն հանդես են գալիս որպես ենթակապալառու, այսինքն՝ միջնորդ պետության եւ այլ շինարարական կազմակերպության միջեւ։ Դրա հետեւանքով, ըստ Վարդանյանի, պետական բյուջեից հավելյալ ծախսեր են կատարվում։

Նախարարը խոստացավ պետական խոշոր ճանապարհաշինական ծրագրերից դուրս մղել բոլոր այն փոքր շինկազմակերպություններին, որոնք հապճեպորեն եւ հատուկ ստեղծվում են պետական պատվերներից օգտվելու համար, սակայն որակ ապահովել չեն կարողանում։  «Ո՞նց է ստացվում, որ 2 շինարար նույն շինարարության համար 30-40 տոկոսով տարբեր գումար են պահանջում։ 400 մլն դրամի մեջ 100 մլն դրամի տարբերությամբ են աշխատում»,- ասաց նախարարը։ Նրա կարծիքով՝ այդ հարցը կարելի է լուծել նախագծային եւ փորձաքննական աշխատանքները միմյանցից տարանջատելով։

Նախարարի զարմանքի մյուս առարկան ճանապարհների վերանորոգման աշխատանքների թանկությունն է։ «Ամենափոքրիկ վթարը սկսվում է 10 մլն դրամից։ Սկզբից երբ ասում էին՝ շշկռվեցի»,- խոստովանեց կառավարության անդամը։ Հետաքրքիրն այն է, որ ճանապարհների վերանորոգման պատճառը մեծամասամբ դրանց վատ որակն է, ուստի նախարարը խոստովանում է, որ պետական միջոցները խնայելու համար նախ հարկավոր է որակով ճանապարհներ կառուցել։