Մահացել է «Արմենիկում» նախագծի ղեկավար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես, ասվում է.
«Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին:
Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը:
Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլեւ մարդկային կարեւոր առաքինություններով:
Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլեւ շատերի հարգանքն ու համակրանքը:
ՀՀ կառավարության եւ իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին եւ սաներին»:
Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 31-ին Աշտարակում: 1948-52 թթ սովորել է Երեւանի բժշկական ինստիտուտում: Նա բժիշկ-դեղաբան է, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտությունների միջազգային ակադեմիայի, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ դեղաբանների ընկերության նախագահ: Ավելի քան 300 գիտական աշխատությունների եւ մենագրությունների հեղինակ:
ՁԻԱՀ-ի դեմ «Արմենիկում» դեղամիջոցը գրանցվել է Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնլոգիաների գործակալության կողմից 1999 թվականի փետրվարի 22-ին:




























