Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Ախթամար» ռեստորանային համալիրում գտնվող «Գոլդեն Փելես» խաղատան նախկին աշխատակիցները, որոնք իրենց մի քանի ամսվա աշխատավարձն են պահանջում, նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղատան նախկին աշխատակիցներից մեկը:

«Մենք դիմել էինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն առ այսօր պատասխան չկա: Գնում, նորից դիմում ենք, շատ սիրուն խուսափում են պատասխաններից: Այդ պատճառով մենք արդեն նամակով դիմել ենք Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Աղվան Հովսեփյանին, Գորիկ Հակոբյանին: Խաղատունը հանցագործություն է կատարել, մենք պահանջում ենք, որ մեր աշխատավարձերը վճարեն: Մեր հանարապետությունում գոռում, գոչում ենք թրաֆիկինգի դեմ, այնինչ այստեղ վերեւներում մարդկանց հանգիստ օգտագործում են, մի դրամ չեն տալիս»,- ասաց աշխատակցուհին:

Բողոքող աշխատակիցներն սկսել են հարցը դատական կարգով լուծելու գործընթացը:

Հիշեցնենք, որ խաղատունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով): Նախորդ տարվա ապրիլից գործող խաղատան աշխատակիցների պնդմամբ՝ տնօրինությունն իրենց մի քանի ամսվա աշխատավարձ է պարտք, որն անցնում է 100 հազար դոլարը: Աշխատակիցներից օտարերկրացիները մի քանի ամիս առանց աշխատավարձի աշխատելուց հետո հեռացել են Հայաստանից։ Մյուս մասը՝ մոտ 30 հոգի, մինչեւ դեկտեմբեր աշխատել են, որից հետո դուրս են եկել աշխատանքից: Աշխատակիցների խոսքով՝ տնօրինությունն իրենց խոստացել էր մինչեւ փետրվարի 1-ը վճարել, սակայն չէր կատարել խոստումը: Խաղատունն այժմ չի գործում։