Յուրացման մեջ մեղադրվող ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի գործով դատաքննությունը ավարտական փուլի մեջ է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Արմեն Մովսիսյանը վերականգնել է պետբյուջեին հասցված մոտ 120 մլն դրամ վնասը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրան մեղասգրվող արարքները նախատեսում են 5-8 տարվա ազատազրկում, եւ եթե Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվի մեծ համաներում, չի բացառվում, որ այն տարածվի նաեւ նրա վրա, առավել եւս, որ մոտ 2 տարի ազատազրկված պաշտոնյան հատուցել է վնասը:
Հիշեցնենք, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի եւ նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիքներ եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009թ. օգոստոսից մինչեւ 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով, հափշտակել են հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։
Խմբի կազմում հափշտակություններ կատարելու վերաբերյալ 13 մեղադրյալների մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ ներկայումս Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննությունը:
Միաժամանակ, գործից անջատվել է առանձին վարույթ, որի շրջանակներում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու եւ մյուս դրվագներով նախաքննությունը:





























