68-ամյա Մելանյա Վարդանյանը 22 տարի է՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Թթուջուր գյուղի դպրոցում աշխարհագրության ուսուցչուհի է աշխատում։ Ուսուցչուհին ցավով է նշում, որ դպրոցում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է։

«Նախկինում 440 աշակերտ է սովորել, սակայն այսօր նրանց թիվը 138-ն է։ Սահմանամերձ գյուղում կյանքը շատ դժվար է, մարդիկ աշխատատեղ չունեն, միայն  գյուղատնտեսությամբ են զբաղվում, չեն կարողանում ապրել։ Պետությունը պետք է այնպես անի, որ գյուղացուն կապի իր հողի հետ, աշխատանք ստեղծի, որ դուրս չգան, թե չէ կամ Երեւան են գնում, կամ արտերկիր են մեկնում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մելանյա Վարդանյանը։

Գյուղի երեխաներն էլ, ուսուցչուհու խոսքով, որեւէ բանով չեն կարողանում զբաղվել, քանի որ գյուղում որեւէ խմբակ չկա։  Թթուջուրում ապրող երեխաները խմբակ հաճախելու համար ստիպված են մարզկենտրոն գնալ, այն էլ ոտքով կամ պատահական մեքենաներով։

68-ամյա կինը դեռ թոշակի գնալու մտադրություն չունի. տան միակ կերակրողն է, որդին պամանագրային զինծառայող էր, հակառակորդի կրակոցից կորցրել է ոտքը ու անաշխատունակ դարձել, որդու ընտանիքին էլ տիկին Մելանյան է պահում։ Բացի դրանից, երիտասարդ կադրերը սահմանամերձ գյուղեր չեն գնում աշխատելու, աշխարհագրության երիտասարդ ուսուցիչ գտնելը հեշտ չէ։

Ուսուցչուհու խոսքով՝ պատերազմի տարիներին տեսած դժվարություններից հետո այսօր թշնամու կրակոցներն արդեն սովորական են։

«Պատերազմի տարիներին մի քանի տուն ավերվեց ռմբակոծությունից, մարդիկ կոնտուզիա ստացան։ Երեխաներից շատերը սթրես տարան, գյուղից հանել էինք երեխաներին, նույնիսկ աշակերտներ ունենք, որոնք ծնվել են դրսում, քանի որ գյուղում մնալը եւ ծննդաբերելը դժվար էր»,-պատմեց տիկին Վարդանյանը։

Աշխարհագրության ուսուցչուհին այսօր կրթության եւ գիտության նախարարությունում էր՝ նախարարից պատվոգիր ստանալու համար։ 

«Չէի սպասում այսպիսի նվերի Մարտի 8-ին ընդառաջ, քանի որ կարծում էի ինձանից ավելի արժանի ուսուցիչներ կլինեն, բայց ընտրել են ինձ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Վարդանյանը։

Մելանյա Վարդանյանը մարտի 8-ի կապակցությամբ ուսուցչուհիներին մաղթեց համբերություն, իսկ երկրին՝ խաղաղություն։