Օգոստոսի 10-ին լրացավ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված դերասան Երվանդ Մանարյանի 85-ամյակը։ Վաստակաշատ դերասանի հոբելյանը այդպես էլ ուշադրության չարժանացավ երկրի ղեկավարության, ինչպես նաեւ լրատվամիջոցների կողմից։ Լռեց նույնիսկ Հայաստանի հանրապետության առաջին ալիքը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում Մանարյանը չցանկացավ անդրադառնալ այդ հարցին, պարզապես զրուցեցինք այսօրվա թատրոնի եւ իր անցած ճանապարհի մասին։

Պարոն Մանարյան, երբ հարցազրույց խնդրեցի, Դուք ասացիք, որ տրամադրություն չունեք, ինչո՞վ է պայմանավորված Ձեր տրամադրության անկումը։

Ամեն ինչով…Դե հիմա ձեր հետաքրքրությունը, ամեն ինչ առջեւում է, մեզ համար էլ մեր տարիքում վերջն է։

Այսինքն` հասակո՞վ է պայմանավորված տրամադրության անկումը…

Այո, այո տարիքով է պայմանավորված… սպասելիքներ առանձնապես չկան…

Ի՞նչ սպասելիքների մասին է խոսքը, պետության կողմից սպասելիքներ նկատի ունե՞ք։

Պետության հարցերը շատ բարդ են, չափազանց բարդ։ Իսկ մենք պետություն ունե՞նք։ Սա հարց է, որը կանգնում է տարեց մարդու առաջ եւ չես կարող խուսափել։ Էսքան տարի հայ ես, չարչարվում ես, կողքից հարց ես տալիս, իսկ պետություն կա՞։ Իշխանություն կա, բայց պետություն չկա։ Պետք է տարբերել։ Պետություն մենք ուզում էինք ստեղծել մեր ազատ անկախ պետությունը, գուցե նույնիսկ անսպասելիորեն անճիշտ ստացվեց, էն ինչ որ կատարվեց չեմ ուզում ասել սխալ էր, ճիշտ չէր։

Իսկ որ կանգնեցիք Տեր Պետրոսյանի կողքին, կարծում էիք, թե այդ իշխանությա՞մբ հնարավոր կլինի սխալները ուղղել, ունենալ Ձեր ասած պետությունը։

Անձնավորել, առանձնապես չես ուզում, թեեւ առանց դրա չի լինում, անձնավորություններն են պատմությունը տեղաշարժում, բայց բոլոր դեպքերում կա մի ճշմարտություն, որ մեզ թվում է, թե կարող ենք դրանից խուսափել, չէ, չի ստացվի։ Հասարակություն ասածը, պետություն ասածը երկու անխախատ բեւեռներից է իշխանություն եւ ընդդիմություն, եթե իշխանություն չկա, չկա պետություն, եթե ընդդիմություն չկա, պետությունը վայրենանում է։

Իսկ Տեր Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունից առաջ որեւէ ուժի կողքին կանգնե՞լ եք, քաղաքական արենայում երեւացե՞լ եք։

Ես 20 տարեկանում եղել եմ քաղաքականության մեջ, Պարսկաստանի «Ժողովրդական կուսակցության» պաշտոնաթերթում աշխատակցում էի որպես քաղաքական մեկնաբան։ 20 տարեկանը մնում էր 20 տարեկան։ Էն ժամանակ քաղաքականություն չկար, կար հայրենիք։ Պարսկաստանի սփյուռքահայության համար հայրենիք հասկացությունը ինչ-որ տեղ տարբերվում էր հայաստանցու հասկացությունից։ Հայաստանցին իր հայրենիքի, որտեղ ապրում է, վատը լավը տեսնում է, ուզում է ուղղել, ինչ-որ բանի տեր կանգնել, իսկ դրսում դու այս հայրենիքը չունես, հեռու է քեզանից։ Ուզում ես հայրենիք ունենալ։

Այսինքն` սփյուռքը չի՞ կարող հեռվից նպաստել հայրենիքի բարելավմանը։ Պետք է հայրենանպաստ գործունեություն ծավալել հենց հայրենիքո՞ւմ։

Պետք է գաս՝ հայրենիքին տեր կանգնես, որովհետեւ քո վաստակի մի մասը նրան հատկացնելով, թեկուզ շատ զգալի մասը, այն չի։ Պետք է գաս, հողին տեր կագնես: Դա շատ բարդ ընթացք է, որը մեծ նվիրվածություն է պահանջում, այն աստիճան, որ ես ու ինձ նման շատերը կային…

Ձեզ հետ վերադարձողնե՞րն էլ հայտնի մարդիկ են։

Տասնմեկ հոգի էինք, մնացել եմ միայն ես։ Հովհաննես Բադալյան, եթե վերջին շրջանի նորագույն գրականությունը լավ գիտես՝ Աբիգ Ավագյան, մեր տասնմեկի մեջ ավագը նա էր, Ալբերտ Հայրապետյանը ֆիզիոլոգիական գիտությունների դոկտոր դարձավ, Համլետ Եգանյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, Հրայր Մովսիսյանը՝ բանասիրության թեկնածու, Մանուկ Բարսեղյանը՝ բժշկագիտության թեկնածու, մի խոսքով, նրանք բոլորը անուն թողած մարդիկ են։

Հայրենադարձների գործունեությունը ինչպե՞ս սկսվեց հայրենիքում։

Երբեմն հարց են տալիս, թե ի՞նչ էր, ո՞նց էր, երբեւէ չե՞ք ցանկացել վերադառնալ: Ասել եմ չէ, էդպիսի բան չի պատահել։ Դժվարություններն էլ ընտանիքի հետ է կապված եղել: Երիտասարդ մարդը կարծես հեշտ է հաղթահարում, առանձնապես չի պատկերացնում: Մի խոսքով…

Իմ ասպարեզում եմ արդեն 63 տարի։

Հենց սկզբից տիկնիկային թատրոնի՞ց սկսեցիք։

Չէ, թատերարվեստից։ Ծնողներս դերասան էին, այստեղից գնացել են այնտեղ ծանոթացել, ամուսնացել Իրանում, ընտանիք են կազմել։ Ընտանիքի զավակները ես եւ եղբայրս ենք։ Ես թատերարվեստում մասնգիտացա, իսկ Արման Մանարյանը՝ կինոարվեստում, բարեբախտություն էր, որ մենք իրար կողքի գտնվեցինք, պարզապես աշխատանքի բերումով։ Նա կինոռեժիսոր, ես սցենարիստ, հաճախ՝ կինոխմբագիր: Շատ եմ սիրում էդ աշխատանքը։

Պարոն Մանարյան, գրեթե բոլորին դուք հայտնի եք «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից: Ինչպե՞ս ստացվեց , որ այդ ֆիլմում նկարահանվեցիք։

Իմ ընկերները` Ժորա Հարությունյանը,Ներսեսը, գիտեին ինձ, լավ ընկերներ էին, առաջարկեցին, իսկ դրանից առաջ ոչ մի նշանակալի բան չէր եղել, Արմանի «Կարինեում» նկարահանվեցի։ Լեզուները ինձ տրվում են, թեեւ արեւմտահայերի հետ արմատներով ոչ մի կապ չունեմ, բայց շատ լավ գիտեմ արեւմտահայերեն։ Եւ Ներսեսի հետ եւ Արմանի հետ «Տժվժիկը», Ներսեսի հետ 2-րդ կերպարը «Խոհարարները եկել են մրցույթի» նույնպես արեւմտահայի կերպար էր։ Մի խոսքով, հայ կինոյում եւ թատրոնում ես բավականին աշխատել եմ եւ խնդիր չունեմ, Աստծուց մեծապես շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց հայոց թատրոնում աշխատել ու ստեղծագործել։

Երբվանի՞ց սկսեցիք տիկնիկային թատրոնի գործունեությունը։

Սունդուկյան թատրոնում 1957 թվին Վարդան Աճեմյանի ասիստենտն էի, երբ ինձ առաջարկվեց տեղափոխվել Թումանյանի տիկնիկային թատրոն, որը վերաբացվել էր։ Ես` որպես գլխավոր ռեժիսոր, աշխատեցի։ Թոշակի անցա թե չէ, անմիջապես մտածեցի իմ թատրոնի մասին, նունիսկ մեկ օր ընդմիջում չի եղել։ Բարեբախտաբար, այդ շրջանում Խորհրդային միությունը որոշեց ազատություն տալ թատրոնին, թեեւ իր ձեռքը նորից վրան էր պահում։ Մի խոսքով, այդ ժամանակ էլ ստեղծվեց «Ագուլիսը»։

Ի՞նչ վիճակում է «Ագուլիսը», ի՞նչ խնդիրներ ունեք։

Դժվարանում եմ ասել, դժվար է ասել, խաղացանկի խնդիր է, պատանիների համար պիտի ներկայացում պատրաստենք…

Միայն ա՞յդ առումով են դժվարությունները, իսկ ֆինանսական տեսանկյունից ի՞նչ վիճակում եք։

Ֆինանսականն էլ… 50 հոգանոց թատրոնը ինչպես կարող է իրեն պահել, լավ է, որ երիտասարդների մեջ պատահում են էնտուզիաստներ, միայն աղջիկներ են հիմնականում, փոքրեր` ինստիտուտը նոր ավարտած, նոր ընդունվող: Դրա հույսին ենք։ Թատրոնի դեմքը պիտի ճշտել։ Շատ դժվար է։ Կարծում եմ, որ պիտի պատանեկան ներկայացումներ լինեն, նոր ներկայացում ենք պատրաստում` «Հայկ եւ Բել»-ը։

Իսկ փոքրի՞կ հանդիսատեսի նկատմամբ է պատասխանատվությունը մեծ, թե՞ մեծահասակ հանդիսատեսի։

Ուղղակի անհամեմատելի է։ Տիկնիկային թատրոնում անհամեմատ մեծ է, որովհետեւ երեխան մաքուր պարզ հոգին բերում հանձնում է քեզ։ Եւ հետո երեխան զարմանալիորեն հավատում է։ Երեխաներ կան, որ վիճում են տիկնիկների հետ, չեն հանդուրժում տիկնիկի վատ արարքը: Պետք է դրանց հետ շատ զգույշ աշխատես: Չես կարող ազատ զգալ եւ ստեղծագործել, էստեղ մարդկային հարաբերությունների հարցն է։ Վաղվա քաղաքացին է նստած, որի հոգու մեջ առաջին հատիկները նետողը դու ես, իսկ մեծերի հետ այդպես չէ։ Այնտեղ ստեղծագործական հարցեր ու խնդիր ես դնում։ Մեծերի թատրոնը իր շատ բարձրությունները ունի, որը այս օրերին կարծես թե հաշվի չեն առնում։ Թատրոնի առաքելությունը փոխվել է, այսինքն` ինչի համար, որ այն հազարամյակներ առաջ կյանքի է կոչվել, այդ ուղղությամբ մեզանում այն համարյա չի գործում։ Մեզանում մեծապես տարված են թատրոնի գեղագիտական հարցեր ճշգրտելով, գեղագիտություն հղկելով, այնինչ թատրոնի բուն առաքելությունը հանդիսատեսի հետ բանավեճ ունենալն է։ Հանդիսատեսը գալիս է թատրոն` գաղափարներ վերցնելու եւ այդ գաղափարները պետք է համահունչ լինեն այն հարցերին, որոնք հասարակությունը իր հետ բերել է դահլիճ։ Մանավանդ այս օրերին գեղագիտությունը մի քիչ էլ անտեղի է, որովհետեւ հեռուստատեսությունը, կինոն էնպիսի գեղագիտություն են երբեմն մատուցում, որ գնալ թատրոն այդ կարգի բաները տեսնելու` անիմաստ է։ Թատրոնը կոչված է հասարակության հարցերը լուծելու։

Իսկ ինչպիսի՞ն է այսօրվա թատրոնը։

Թատրոնը ամբողջովին կախված է հանդիսատեսի հոգեկան ինքնությունից, ի՞նչ ես նրան տալիս, նա քեզնից ի՞նչ է վերցնում, ամենադաժան ապրանքափոխանակության նման մի բան է։ Ինչպե՞ս է գնահատում քո տվածը։ Սա է, որը խախտված է մեզանում, որովհետեւ այսօրվա հանդիսատեսը թատրոն է գալիս հարցերով, մեծ հարցերով, ոչ թե կենցաղային: Օրինակ՝ ամենամեծ հարցը պետականության հարցն է, սակայն մեր ո՞ր թատրոնն է հայ պետականության խնդիրը արծարծում։ Եթե բուն նպատակը զվարճանալն է, դա թատրոն չէ, ուրիշ հարց, որ զվարճությունների միջոցով է մեծ հարցը լուծվում։ Թատրոնում պարտադիր կերպով պետք է ճակատագրեր գործեն, ճակատագրերի բախում պետք է լինի, որը քեզ մտորելու առիթ տա։ Չէր կարող որեւէ հասարակություն թատրոն ունենալ, եւ այս անցուդարձը թատրոնի կողքով անցներ։ Մենք չենք էլ լսում, որ ինչ-որ մեկը, ենթադրենք, մարտի 1-ի դեպքերի մասին պիես է բեմադրում եւ բերել է թատրոն, ասել են, չէ, չենք բեմադրում։ Սա էլ է թատրոն։

Դուք կգրե՞ք մարտի 1-ին նվիրված պիես կամ նման ծրագիր ունե՞ք։

Ես իմ ժամանակ արել եմ։ Ես էդ հարցում ինձ պահում եմ համարձակ եւ խիղճս շատ հանգիստ է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին շրջանի պիեսը ես եմ գրել, այն տպագրվել է «Ալմանախում» եւ ինքս բեմադրել եմ Սունդուկյանի թատրոնում։ Այդ ծանր ու դժվարին օրերի մասին է, որ հասարակությունը հաղթահարում էր եւ ինչպես էր, որ այսքան տարվա ժողովուրդ լինելով` չկարողացանք նվիրյալ վարդապետ ունենալ, որ չկարողացավ առաջնորդել մեզ։ Բեմադրվեց, գլխավոր դերկատարը Լորենց Առուշանյանն էր։ Թատրոնը էդ օրերին վերանորոգման մեջ էր, ձմեռ էր, աներեւակայելի ցուրտ էր, մի խոսքով՝ հիմնականում տեխնիկական պատճառով, այդքան չհաջողվեց։ Շարունակական կյանք չունեցավ։

Իսկ Հայստանյան քաղաքական թոհուբոհին բացի վերջին շրջանից, նախկինում երբեւէ մասնակցե՞լ եք, քաղաքական արենայում երեւացե՞լ եք։

Ես միշտ էլ հետաքրքրվում եմ քաղաքական անցուդարձով `որպես Հայաստանի քաղաքացի։ Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքացի եմ։ 2004 թվականի միտինգներին, այո, ես եղել եմ էնտեղ եւ միակ մտավորականն էի, որը բարձրախոսով խոսել է ժողովրդի հետ։ Ինչո՞ւ, ես չեմ կարողանում հասկանալ, ինչո՞ւ եմ միակը։ Հիմա ինչո՞ւ են էն թեւում շատ մտավորականներ, իսկ այս թեւում չկան, չեմ հասկանում, սա լուրջ բան է, ես դժվարանում եմ գնահատական տալ, որովհետեւ ակամա պիտի դառը խոսքեր ասեմ, իսկ ես չեմ ուզում ասել։

Պարոն Մանարյան, Դուք Ձեր ճանապարհն եք նախընտրել` ընդդիմություն տանող, նրանք էլ` իշխանություն տանող, ի՞նչն է Ձեզ այդքան զարմացնում։

Այո, էդ շատ հասկանալի բան է, այդպես պետք է լինի հասարակությունը` իշխանություն եւ ընդդիմություն, իսկ արվեստագետը հիմնականում պետք է լինի ընդդիմություն։ Սա չափանիշ է որեւէ հասարակության համար, որպեսզի կարողանա իշխանություններին բացերը ցույց տալ։ Արվեստագետների խոսքը շատ անկեղծ է։

Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ մտավորականները միավորվեն ու առանց ընդդիմության կողքին կանգնելու` իշխանության բացերը ի ցույց դնեն, որովհետեւ ընդդիմությունն էլ իր պահանջն ունի, նա իշխանության է ձգտում, ոչ թե հասարակության խնդիրների լուծման ելքեր փնտրում։

Իհարկե, ընդդիմությունը դուրս է եկել, որ իշխանությանը աթոռից զրկի ու ինքը գա իշխանության, իսկ եթե ընդդիմությանը զրկեցին այդ գործից, ներողություն, նրան այդպիսով ամորձատում են։ Իսկ եթե դու գտնում ես, որ այս իշխանությունը պետք է զիջի այն իշխանությանը, ուրեմն գնա կանգնի նրա կողքին։ Իմ տարիքի մարդը կարո՞ղ է պատահի, որ պաշտոնի ցանկություն ունի, 85 ամյակս երեք օր առաջ լրացավ։ Մտավորականությունը, արվեստագետը միայն զվարճացնելու համար չէ։

Իսկ Ձեր շարժման կողքին կանգնելը Տեր-Պետրոյանի անձո՞վ էր պայմանավորված։

Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ կյանքի կոչել քաղաքական ընդդիմություն։ Այսինքն` մի մարդ, որը, որոշակի գիտի` ինչ անել։ Ամեն բան մեզ չի ասում, էդ մարդու բնավորությունն էլ էդպես է, մենք նրա բոլոր մտքերին ծանոթ չէնք։ Ունի իր մտքերը, հետամուտ է եւ ուզում է իրականացնել…Ես դաշնակցականների դպրոցն անցած մարդ եմ, Թեհրանի մեր դպրոցի ուսուցիչները բոլորը դաշնակցականներ էին, բայց դրանք ուրիշ մարդիկ էին, սրանք` ուրիշ։ Սրանցը ի՞նչ խաղեր են… ես շատ ընկճված եմ այս քայլերից։ Մի բան պիտի ասեմ, որը իմ համոզումն է։ Խորհրդային կարգերը դեռ չեն փլուզվել: Քանի որ չի փլուզվել ու վերջին պահերն է ապրում, ավելի այլանդակ ձեւով է հանդես գալիս։ Ես խորհրդային իշխանությունից դժգոհություն չունեմ, նա իր պատմական ժամանակը ավարտեց, այն պիտի դուրս գա։ Գործառույթները անցել են, հոգեբանությունը մնացել է, մնացել է միայն այլանդակների մեջ։ Ոչ մի կարգին մարդ սովետական տարիների հոգեբանությունը չի բերում իր հետ։ Ես իմ աչքերով տեսնում եմ, թե ինչպես են ջանում ետ բերել սովետական իշխանությունը։

Ովքե՞ր են բերում։

Նրանք, ովքեր լծակներ ունեն, որովհետեւ սովետական իշխանությունը հնարավորություն էր տալիս բարձրագոչ անունների տակ լծակներ ունենալ եւ այդ լծակները ինչպես հարկն է օգտագործել, միայն այն տարբերությամբ, որ այնտեղ մի հզոր ձեռք կար, որ չէր թողնում սահմանն անցնեին, իսկ այստեղ չկա։ Կազմակերպված ձեւուվ քշում են առաջ։

Իսկ որպես հայ մտավորական, քաղաքացի, ինչպե՞ս եք վերաբերվում Ղարաբաղյան կարգավորման լուծումներին, տարածքներ վերադարձնելուն։

Չգիտեմ, դա դիվանագիտությո՞ւն է, չեմ կարող ասել։ Բայց որպես հայ մարդ` ինչպես կարող ես Աղդամը վերադարձնել։ Ես խնդիրը տեսնում եմ հասարակության մեջ, որ կորցնում է իր բարոյական դեմքը, իսկ այսպիսի հասարակությանը եթե անգամ ծովից ծով Հայաստան տաս, ոչինչ չի ստացվի։ Ցավալի է, այդքան իշխանամետ մտավորականներ կան, ո՞ր մեկի բարձրաձայն խոսքն ենք լսում, սա անտարբերություն չէ, բա ի՞նչ է: Անտարբերությունից ավելի դաժան բան հասարակության համար գոյություն չունի։ Ես չգիտեմ` ինչով կվերջանա այս ամենը, բայց բոլոր դեպքերում բարոյական ասպարեզում մեր կորուստները շատ մեծ են, եւ դրանց փոխարինելը չափազանց բարդ է։ Մեր մտավորականությունը այդտեղ մեծ անելիքներ ունի, բայց ձեռքերը ծալած, նստած է։

Գայանե Գրիգորյան