Ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւը խոստովանական ցուցմունք է տվել: «Դադաեւի մեղքը հաստատվում է նրա խոստովանական ցուցմունքով»,- տեղեկացրել է դատավորը:

Ձերբակալության ժամկետ է սահմանվել մինչեւ ապրիլի 28-ը: Այդ ընթացքում պետք է ավարտվի նաեւ Նեմցովի սպանության գործի հետաքննությունը: Որոշումը հնարավոր է բողոքարկել 3 օրվա ընթացքում:

Նեմցովի սպանության գործով մեկ այլ կասկածյալ՝ Թամերլան Էսկերհանովը, հայտարարել է ալիբիի մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Սպանության պահին ես աշխատավայրում եմ եղել, ինչպես եւ ամեն օր: Բազմաթիվ մարդիկ, իմ գործընկերները կհաստատեն այդ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը խափանման միջոց է ընտրում Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող հինգ հոգու՝ Շագիթ Գուբաշովի, Ռամզան Բախաեւի, Թամերլան Էսկերհանովի, Զաուր Դադաեւի եւ Անզոր Գուբաշովի (Շագիթի ավագ եղբայրը) համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել: Դատարանն արդեն մինչեւ ապրիլի 28-ը Դադաեւի ձերբակալության մասին որոշում է կայացրել: