Պարզվել է Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում, Գյումրի-Բավրա ճանապարհին, Քեթիի մատուռի մոտ այս գիշեր հայտնաբերված դիակի ինքնությունը։ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ Հրաչյա Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, որ նա 34-ամյա Սամվել Հակոբյանն է։

Մեր տեղեկություններով վերջինս Գյումրիի քրեական շրջանակներում առավել հայտնի է «Մոստիկ» մականունով։

Հրաչյա Սահակյանի խոսքով՝ դիակի վրա կտրող-ծակող վնասվածքներ չկան, հավանական է, որ նա քարերից  գլորվել։

«Մոստիկ» մականունով Սամվել Հակոբյանը Գյումրիի նախկին համատիրություններից մեկի նախագահ Մկրտիչ Հակոբյանի որդին է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում, Գյումրի-Բավրա ճանապարհին, Քեթիի մատուռի մոտ այս գիշեր դիակ է հայտնաբերվել։

Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ժամը 11-ի սահմաններում ոստիկանությունից ահազանգել են, որ գյուղի տարածքում դի է հայտնաբերվել։

«Երիտասարդ էր,  30-35 տարեկան կլիներ։ Դեմքը լրիվ դեֆորմացված էր։ Դժվար է ասել, հրազենային վնասվածքից էր մահացել, թե ոչ։ Ինձ զանգահարեցին ասացին, որ նման դեպք է եղել։ Սկզբում կարծում էինք, որ մեր անասնագոմերի աշխատողներից մեկը կարող է լինել։ Ճշտեցինք, որ բոլոր աշխատողները տեղում են։ Քանի որ նա մեր գյուղից չէր, թող իրավապահներն անեն իրենց գործը»,-ասել էր գյուղապետը։