«3sat» գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում «Մշակույթի ժամ» հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է «Գերմանացիները եւ հայերի ցեղասպանությունը» խորագրով տեսանյութ:
Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ՝ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին:
Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցում էին «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը եւ «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիխը: Վերջինս համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրեւ դիտորդ:
Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական եւ գերմանական արխիվները, ի վերջո եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:
Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտում է, որ Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե՝ դիտորդ:
Իսկ, ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը:
Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկայիս կեցվածքն ու նրան մեղադրում «ամնեզիայի« մեջ:
Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին, որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր դաշնակցի զարհուրելի գործողությունների մասին:
Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով, ներկայացնում է, թե ինչ բարդ ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում ինչը մինչ օրս անպատասխան է մնացել:
Յանցենը նշել է նաեւ, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Մշակույթի հարցերով պետնախարարը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու պատրաստակամություն չեն հայտնել:





























