Երեւանի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, իսկ ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի եւս 500 հազարը: Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել ոռոգման համակարգերի անցկացման, մասնավորապես խորքային հորերի գործարկման համար անցկացվող մրցութային գործընթացների նկատմամբ՝ նախատեսված աշխատանքները հնարավորին սեղմ ժամկետում ավարտելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների եւ ապրիլի 7-ից շատրվանների գործարկման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաեւ ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարվելիք համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության եւ հողազավթման 12 դեպք: Զեկուցվել է նաեւ, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:





























