ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին եւ նրա հետ քննարկելի էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպան Միլսին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանի էներգետիկ ոլորտին, մասնավորապես՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքներից ու ընթացքից: Դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարեւորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում եւս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ:





























