Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացվելիք դատավորի մրցույթի ողջ ընթացքը լիովին համապատասխանում է թափանցիկության սկզբունքին ներկայացվող միջազգային եւ ներպետական պահանջներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ՄԻԵԴ հայաստանյան մրցույթի հանձնաժողովի անդամ Ռուբեն Մելիքյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:
Որպես հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ հայաստանյան 2-րդ մրցույթը:
Համարում եմ, որ մրցույթն անցել է պատշաճ մակարդակով՝ արդարացի ընթացակարգով, առկա միջազգային եւ ներպետական չափորոշիչներին համապատասխան:
Դիտորդները եւ քաղաքացիական հասարակությունը ահազանգել են, որ չնայած ԵԽԽՎ-ի պահանջներին եւ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ մրցույթը անցել է ոչ թափանցիկ եւ լուրջ հետընթաց են արձանագրել:
«Թափանցիկ» կամ «ոչ թափանցիկ» որակումները գնահատողական հասկացություններ են: Մրցույթի թափանցիկությունը գնահատելու համար անհրաժեշտ է այն դիտարկել ամբողջությամբ՝ սկսած մրցույթի մասին հայտարարությունը հրապարակելու պահից՝ մինչեւ արդյունքների ամփոփումը: Իմ գնահատմամբ՝ մրցույթի ողջ ընթացքը լիովին համապատասխանում է թափանցիկության սկզբունքին ներկայացվող միջազգային եւ ներպետական պահանջներին: Մասնավորապես՝ մրցույթի մասին հայտարարությունը եղել է հրապարակային, այն ըստ էության հասու է եղել բոլոր պոտենցիալ հավակնորդներին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Սա՝ մեկ: Երկրորդը՝ հայտերի ընդունման ողջ ընթացքում Արդարադատության նախարարությունը, ի տես բոլորի, կանոնավոր ձեւով հրապարակել է գրանցամատյանի պատճենները՝ նախորդ օրվա դրությամբ: Երրորդը՝ լրատվամիջոցները եւ ՀԿ ներկայացուցիչները ստացել են հարցազրույցների փուլին լիարժեք հետեւելու (այդ թվում՝ տեսագրելու ու ձայնագրելու) ողջամիտ հնարավորություն: Չորրորդը՝ հանձնաժողովի նիստերի բոլոր արձանագրությունները հրապարակվել են: Իմ պատկերացմամբ՝ թվարկածը լրիվ բավարար է մրցույթը՝ որպես «թափանցիկության» սկզբունքին լիարժեք համապատասխանող գնահատելու համար:
Ինչո՞ւ չեն դիտորդներին տրամադրվել թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, գնահատման թերթիկները եւ նրանց թույլ չեն տվել մասնակցել մրցույթի ամփոփման նիստին: Դուք կո՞ղմ եք եղել, որ այս ամենին դիտորդները չմասնակցեն եւ չտրամադրվեն փաստաթղթերը, եթե այո, ապա ինչո՞ւ, եթե ոչ, ինչու չե՞ք ներկայացրել հատուկ կարծիք, որպեսզի հանրությունը տեսնի, որ հանձնաժողովը միաձայն որոշում չի կայացրել:
Նախ, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հանձնաժողովի անդամին դռնփակ խորհրդակցություններին վերաբերող հարցեր ուղղելն ինքնին ճիշտ չեմ համարում: Նման հարցերին պատասխանելը անձամբ ես համարում եմ հանձնաժողովի անդամի կարգավիճակին ոչ հարիր՝ էթիկայի տեսանկյունից: Իսկ ըստ էության՝ կպատասխանեմ հետեւյալը: Ինձ հայտնի չէ որեւէ ներպետական կամ միջազգային չափորոշիչ, համաձայն որի՝ Հանձնաժողովը պարտավոր էր հասարակական կազմակերպությունների կամ լրատվամիջոցների համար հասանելի դարձներ Ձեր նշած փաստաթղթերը կամ նրանց հնարավորություն տար մասնակցելու արդյունքների ամփոփման նիստին:
Գնահատման թերթիկների մասով՝ կարող եմ լրացուցիչ նշել, որ այստեղ, ըստ իս, առկա է երկու իրավաչափ շահերի մրցակցություն եւ դրանց հավասարակշռման անհրաժեշտություն. դրանք են՝ ՀԿ-ների կողմից ազդարարվող հանրային շահը՝ ծանոթանալու 14 հավակնորդներից յուրաքանչյուրին նշանակված միավորներին՝ գնահատման յուրաքանչյուր 19 չափանիշներով, իսկ մյուս կողմից՝ առկա է հավակնորդի իրավաչափ շահը՝ հանրության սեփականությունը չդարձնելու այդ 19 չափանիշներով դրված գնահատականներից յուրաքանչյուրը: Եթե խոսքը վերաբերում է այդ 19 միավորների գումարին (ամփոփիչ միավոր), ապա այն հանրության սեփականություն դարձնելու հանրային շահը միանշանակ գերակայում է, եւ 14 հավակնորդներից յուրաքանչյուրի ամփոփիչ միավորը, իհարկե, հրապարակվել է: Իսկ այդ միավորը կազմած գումարելիների մասով, ըստ իս, գերակայում է հավակնոդի իրավաչափ շահը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր հավակնորդ ինքը կարող է դիմել եւ ստանալ իր գնահատման թերթիկի պատճենը, եւ այնուհետեւ որոշել՝ հանրայնացնել այն, թե՝ ոչ:
Եթե իսկապես մրցույթը կազմակերպված էր շատ արդար եւ թափանցիկ, ապա ի՞նչ խնդիր կա՝ ինչու չեն հրապարակվում այդ փաստաթղթերը: Օրինակ, դուք կտրամադրե՞ք ձեր գնահատման թերթիկը կամ կասեք, թե որ թեկնածուին յուրաքանչյուր չափանիշի դեպքում ինչպես եք գնահատել եւ ինչու: Եթե չեք ցանկանում տրամադրել, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ ունեք թաքցնելու հասարակությունից, ինչո՞ւ եք կաշկանդված ներկայացնել հասարակությանը ձեր գնահատականը:
Կարծում եմ, պետք չէ պարզունակացնել վիճակը: Մենք շատ լուրջ մրցույթ ենք իրականացրել, որին մասնակցելու հնարավորությունը սահմանված է եղել միայն այն իրավաբանների համար, որոնք ունեն որոշակի կենսափորձ, որոշակի հետագիծ, որոշակի ճանաչելիություն: Այս պայմաններում հավակնորդներին գնահատելիս անձամբ իմ օբյեկտիվության երաշխիքներից մեկն եմ համարում այն, որ իմ գնահատականները հանրությանը եւ հենց հավակնորդներին հասանելի չդառնան: Հավակնորդներից յուրաքանչյուրի հետ մենք կարող ենք համագործակցել, եւ ես չէի ցանկանա, որ նրանք տեղեկացած լինեն, թե 19 չափանիշներից յուրաքանչյուրով կամ գումարային առումով ես ինչ գնահատականներ եմ նրանց տվել: Ես ունեցել եմ անկողմնակալ լինելու լիարժեք հնարավորություն՝ նկատի ունենալով նաեւ այդ երաշխիքը:
Մրցույթին մասնակցող թեկնածուներից որեւէ մեկի մասով եղե՞լ է, որ ձեր կարծիքը չհամընկնի հանձնաժողովի անդամներից մեծ մասի կարծիքի հետ:
Ինչպես արդեն նշեցի՝ հանձնաժողովի դռնփակ խորհրդակցություններին վերաբերող հարցերին պատասխանելը անձամբ ես համարում եմ հանձնաժողովի անդամի կարգավիճակին ոչ հարիր: Այնուհանդերձ՝ նշեմ, որ ընդհանուր առմամբ, մրցույթի արդյունքները համարում եմ արդարացի եւ օբյեկտիվ:
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության ձեր մոտիվացիան ո՞րն էր:
Համաձայն Հանրապետության Նախագահի հրամանագրի՝ Հանձնաժողովի ի պաշտոնե անդամ է Արդարադատության ակադեմիայի ռեկտորը: Նման կարեւորագույն գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը անչափ կարեւոր եւ պատվաբեր եմ համարում թե անձամբ ինձ համար եւ թե Արդարադատության ակադեմիայի համար՝ որպես հատուկ կարգավիճակ ու առաքելություն ունեցող ուսումնական կառույցի:
Այդպիսի կազմով հանձնաժողովը կարո՞ղ էր ընտրել անկախ դատավոր: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ՝ այդ անձինք ինչպես կարող են ընտրել այնպիսի անկախ դատավոր, որը ՄԻԵԴ-ում վիճարկելու է իրենց կայացրած որոշումները:
Չեմ ընդունում ներկայացված տրամաբանությունը: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասին նշանակում է ՀՀ Ազգային ժողովը: Հարցի հիմքում դրված տրամաբանությամբ՝ ԱԺ պատգամավորները չեն կարող սահմանադրական դատարանի անկախ անդամ ընտրել, քանի որ հետագայում սահմանադրական դատարանում վիճարկվելու են Ազգային Ժողովի ընդունած օրենքները: Նման շատ օրինակներ կարելի է բերել: Այսպիսով՝ հարցի հիմքում դրված տրամաբանությունը, կարծում եմ, մասնագիտական քննադատության չի դիմանա:
Մտավախության չկա, որ նման մթնոլորտում մրցույթի անցկացումից հետո ԵԽԽՎ-ն նորից կմերժի Հայաստանից ներկայացված ցուցակը, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ նման նախադեպ եղել է Սլովակիայի դեպքում:
Նախ, ցանկանում եմ ընդգծել, որ նախորդ մրցույթի արդյունքները ոչ թե ԵԽԽՎ-ն է մերժել, այլ դրանք ուժը կորցրած են ճանաչվել ներպետական մակարդակում՝ հաշվի առնելով ԵԽ նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը: Ինչպես արդեն պաշտոնապես պարզաբանվել է՝ նշված խմբի նկատառումը մրցույթի ընթացակարգային կողմին չի վերաբերել, այլ վերաբերել է հաղթող ճանաչված երեք թեկնածուներից միայն մեկին: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ ցուցակի հեռանկարին, ապա ես այս հարցում լավատես եմ:
Հ.Գ. Ավելի վաղ հարցազրույցներ էինք արել հանձնաժողովի անդամներ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի http://news.am/arm/news/255743.html եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի http://news.am/arm/news/255462.html հետ:
Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը




























