Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը, որին այսօր՝ մարտի 9-ին, առավոտյան հրավիրվել էր ոստիկանության բաժին Ռուսաստանում գողություն կատարելու կասկածանքով, պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ չի պարունակում եւ կապված է ՌԴ-ում իր հետ կատարված միջադեպի հետ։ Այս մասին ակտիվիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ուրեմն Ռուսաստան լինելու ժամանակ ձեռի վրայից գնել եմ չինական պլանշետ, տվել եմ մոտավոր 2500 ռուբլի: Հետո հենց նույն օրը էդ պլանշետով մտել եմ «Մագնիտ» սուպերմարկետ, որտեղ տեսա վաճառքում դրած էդ նոր առած պլանշետից: Դե հետաքրքրության համար վերցրել եմ, ուսումնասիրել, ձեռս բռնած ման եմ եկել խանութում, հետո դրել եմ տեղը: Իմ առևտուրը անելուց հետո խանութից դուրս գալուց անվտանգության աշխատակիցն ինձ խնդրեցին գնալ իրանց սենյակ, իբրև թե ինչ-որ խնդիր կա կապված դրամարկղի ու իմ գնած ապրանքների հետ»,- գրել է ակտիվիստը։
Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցները խնդրել են հանել պլանշետը, ապա ասել են, որ այն գողացված է։
«Մի խոսքով՝ ինչքան փորձեցի սրանց համոզել,որ դրսից եմ գնել, չհավատացին ու ոստիկանություն կանչեցին: Սրանք էլ իրանց հերթին չհավատացին, ու ասացին, որ սաղ փաստերը իմ դեմ ա: Մի խոսքով արձանագրություն կազմեցին՝ գողության կասկածանքով: Ես բնականաբար ոչ մի բանի տակ չեմ ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել՝մտածելով, որ հետագայում կպարզեն,որ ես չեմ գողացել,այլ ընդամենը գողացված ապրանքը գնել եմ: Հետո արդեն տարան КПЗ, 3 օր պահեցին էնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ,որից հետո ինձ պետք ա տանեին քննիչի մոտ ցուցմունք տալու: Բայց այնպես ստացվեց, որ 3 օրից ինձ բաց թողեցին, չգիտեմ ինչի, ասացին ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան, հետագա գլխացավանքից խուսափելու համար»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր առավոտյան իր բնակարանից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը։
Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հաղորդել էին, որ Արսեն Օհանյանին բերման են ենթարկել, քանի որ նա հետախուզման մեջ է գտնվում ՌԴ իրավապահների կողմից եւ կասկածվում է գողություն կատարելու մեջ։





























