Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաեւ վճարային տերմինալներով: Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ:  Այդուհանդերձ,  ելնելով  նաեւ միջազգային փորձից, սպասարկող օպերատորին` «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց  ներկրել եւ վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում:

Երեւանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձեւերին արդեն ավելացել են նաեւ վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից:

Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն եւ Արաբկիր վարչական  շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, 2-րդ եւ 3-րդ փուլերով արդեն կտեղադրվեն նաեւ այլ վարչական շրջաններում: 

Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաեւ կոմունալ-կենցաղային, բջջային կապի եւ այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի»  հետ համագործակցում են « S  PAY »  եւ « EASY PAY» ընկերությունները:

Տերմինալները տեղադրվում են կամ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կամ հարակից որեւէ հարմար հատվածում: Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի  պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն: