Մարտի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Կիպրոսի մշտական ներկայացուցչությունները Հայ Օգնության Միության (ՀՕՄ), Միացյալ Թագավորության Հյուսիս-շոտլանդական բարձրավանդակի եւ կղզիների համալսարանի եւ Աֆրիկյան սփյուռքի կանանց ցանցի (DAWN) հետ համատեղ կազմակերպել էին սփյուռքի կանանց դերի վերաբերյալ քննարկում՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակներում։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի եւ Կիպրոսի մշտական ներկայացուցիչները, Նյու Յորք քաղաքի քաղաքացիական դատարանի նախկին դատավորներից մեկը, Հյուսիս-շոտլանդական բարձրավանդակի եւ կղզիների համալսարանի պատմության դասախոսը, «DAWN»-ի գործադիր տնօրենը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women) փորձագետը եւ ՀՕՄ-ի ներկայացուցիչը: Քննարկումը վարում էր ԱՄՆ-ում լույս տեսնող «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիրը։

Քննարկմանը, որին մասնակցում էին մեծ թվով անդամ պետությունների, ՄԱԿ-ի տարբեր մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդգծվեց սփյուռքի կանանց բացառիկ փորձը տարբեր մշակութային, սոցիալական եւ գենդերային նորմերի հետ շփման տեսանկյունից, որի միջոցով հնարավոր է դարձել ապահովել զարգացում հասարակության տարբեր ոլորտներում։ Քննարկվեց, թե ինչպես հայրենիքն ու սփյուռքի համայնքները կարող են փոխազդել ու ամրապնդել միմյանց` կանանց առաջխաղացման եւ գենդերային հավասարության խթանման նպատակով, ինչպես նաեւ ուղիները 2015թ. հետո ընկած ժամանակահատվածում մշակույթի եւ ավանդույթների պահպանման գործում կանանց դերի հետագա խթանման տեսանկյունից։

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում կարեւորեց սփյուռքի կանանց անփոխարինելի դերը հայ համայնքների վերածննդի եւ ինքնության պահպանման, ապաստանած հասարակություններում ինտեգրվելու, այդ երկրներին իրենց նպաստը բերելու, ինչպես նաեւ պատմական հայրենիքի հետ կապերն ամրապնդելու տեսանկյունից` նշելով, որ այդ թեման կարեւոր նշանակություն ունի կանանց առաջխաղացման ու Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի համար։

Սփյուռքահայ բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան Հայոց ցեղասպանությունը վերապրած իրենց ընտանիքների, մայրերի ու նախնիների մաքառումներին, տոկունությանն ու հետագա ձեռքբերումներին: