Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն «անլուրջ»է համարում ոստիկանություն դիմած քաղաքացու հաղորդումն այն մասին, թե իր եղբայրը՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:

«Իրավապահ մարմինները զբաղվում են այս գործով: Ինքս անլուրջ եմ համարում նման հաղորդումները, որովհետեւ ինչպես են իմացել, թե 10 տարի առաջ ինչ է տեղի ունեցել, կամ ինչպես են ապացուցելու, որ նման բան է եղել այդ հյուրանոցում»,- NEWS.am-ին ասաց Միքայել Ղարաքեշիշյանը:

Նրա խոսքով՝ եղբայրը շարունակում է զբաղվել հյուրանոցային բիզնեսով, այժմ էլ գտնվում է Ստեփանավանում եւ ամենայն հավանականությամբ, արդեն ցուցմունք էլ է տվել:

Ստեփանավանի քաղաքապետը դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյոք Սարգիս Ղարաքեշիշյանը հակառակորդներ ունի կամ հնարավոր է կապված լինի հենց իր գործունեության հետ:

Նշենք, որ անհայտ անձը ոստիկանություն հաղորդում է տվել, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն իրեն պատկանող հյուրանոցում 2005-2007թթ. նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն: Ընթանում է հետաքննություն: