Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ստեփանակերտի քաղաքապետի որոշման: Վերջինս որոշել էր կտրել Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բակի ծառերը եւ այնտեղ ավտոտնակներ կառուցել:

«Լրագիր.am» կայքի փոխանցմամբ՝ պարզվում է, քաղաքապետարանը չունի որոշում այդ տեղում ավտոտնակներ կառուցելու, պարզապես այդտեղ են ուզում տեղափոխել ավտոտնակները, որոնք ներկայում «խանգարում են» քաղաքապետին, ով խոշոր օբյեկտ է կառուցում մոտակայքում:

«Երկրորդ, կտրվում են ծառերը, եւ տարածքը խլվում է շրջակա շենքերի երեխաներից: Եւ երրորդ, որոշումը առաջացրել է բնակիչների բուռն բողոքը: Նրանք արդեն բողոքի մի քանի ցույց են արել, պատրաստվում են էլի անել՝ ցուցապաստառներն արդեն պատրաստ են: Եվ գլխավորը՝ ստեփանակերտցիներն առաջին անգամ հարց են տալիս իրենք իրենց՝ ով է որոշելու, թե որտեղ են խաղալու մեր երեխաները»,- գրում է կայքն ու հավելում, որ Ղարաբաղում պետական մարմինները կարող են աշխատել գործնականում առանց «քաղաքացիական» խոչընդոտների": Նույնիսկ քաղաքացիների հայցադիմումները, ովքեր համարձակվել են դիմել դատարան, որպես կանոն նրանց օգտին չեն լուծվել. «Ահա եւ մեծ ու մանր չինովնիկները որոշել են, որ կարող են ամեն ինչ անել: Բնակիչներն էլ համակերպվել են դրան: Բավական է հիշել, թե ինչպես ընտրվեց Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետը: Մարդ, որի մասին մինչ ընտրությունը գրեթե ոչինչ հայտնի չէր, բացի նրանից, որ նա Բակո Սահակյանի աներձագն է, դարձավ քաղաքապետ, ընտրողների գրեթե զրոյական մասնակցության պայմաններում: Մարդիկ պարզապես թափահարում էին ձեռքը՝ ինչ ուզում են, թող անեն, միայն թե մեզ ձեռք չտան»: Ի դեպ, Հեքիմյան փողոցի կտրված ծառերի հարցով զբաղվում է նաեւ ԼՂՀ օմբուդսմենը: